«Թողնեմ, երեխեն մեռնի, որ թոշակ տա՞ն». Էպիլեպսիայով հիվանդ 6-ամյա Գրիշիկին կարգ չեն տալիս, իսկ ընտանիքը դեղի փող չունի.

12:45 Ապրիլ 24 2019
*
Հասարակություն
«Թողնեմ, երեխեն մեռնի, որ թոշակ տա՞ն». Էպիլեպսիայով հիվանդ 6-ամյա Գրիշիկին կարգ չեն տալիս, իսկ ընտանիքը դեղի փող չունի.

Forrights.am-ի խմբագրություն է դիմել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ Նադյա Պետրոսյանը, ում երեխան՝ 2013թ մարտի 25-ին ծնված Գրիշա Պետրոսյանն, արդեն 3 տարի տառապում է էպիլեպսիայով, հաշվառված է «Արաբկիր» բժշկական կենտրոնում որպես դիսպանսեր հիվանդ, սակայն բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովը երեխային հաշմանդամ չի ճանաչում: Անգամ այն պարագայում, երբ երեխայի հետազոտությունների թղթերն առկա են:

«Օրը մեջ կրկնվում են նոպաները: Երեխաս կապտում, ուշքը գնում ու լեզուն կուլ է տալիս, փրփուր է գալիս բերանից: Օր է լինում՝ կարող է 2-3 անգամ վատանա: Օրական 3 անգամ դեղ եմ տալիս»,-պատմեց մայրը՝ հավելելով, որ հիվանդության պատճառով անգամ չի կարողանում Գրիշային մանկապարտեզ ուղարկել:

«Ամբողջ օրը ձեռքը բռնած ման եմ գալիս, որ եթե հանկարծ վատանա, լեզուն կուլ գնա, միանգամից օգնեմ: Չեմ կարողանում գնամ, աշխատեմ, որ գոնե իր դեղի փողը հասցնեմ»,-ասաց Նադյան:

Թեև երեխան «Արաբկիր» հիվանդանոցում արդեն երեք տարի գրանցված է որպես դիսպանսեր հիվանդ, հիվանդանոց է պառկել, բժիշկն էլ համապատասխան թուղթ է տվել հիվանդության մասին, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովը մերժում է Գրիշիկին հաշմանդամ ճանաչել և   հաշմանդամության թոշակ նշանակել:

Այն դեպքում, երբ ընտանիքը խիստ անապահով է ու գործազուրկ: Գրիշիկի հայրը նույնպես տառապում է էպիլեպսիայով, աշխատանք չունի, սակայն նա էլ հաշմանդամ չի ճանաչվել: Ընտանիքի «Փարոսն» էլ կտրել են: Գյուղացիների համար, թերևս, ավելի դժվար է բյուրոկրատական քաշքշուկներ հաղթահարելը:

«Սոցապից ասել են՝ վատանալու ժամանակ բժիշկ կանչեք, որ գա, գրանցի երեխու վիճակը, բայց մինչև բժիշկը գա, երեխեն կմեռնի, եթե լեզուն չհանենք»,-տարակուսեց մայրը՝ շարունակելով. «Ուրեմն պետք է թողնեմ երեխուն լեզուն կուլ գնացած էնքան, մինչև բժիշկը գա նայի գրի, որ թոշակ տա՞ն: Տենց երեխեն կենդանի չի մնա: Ուրեմն թողնեմ, երեխեն մեռնի, ինչ ա գա գրի, որ երեխեն վատացե՞լ ա»:

Այգեզարդ գյուղին ամենամոտ հիվանդանոցը Արտաշատ քաղաքում է. Ավելի քան 30 րոպե անհրաժեշտ կլինի, որ շտապօգնությունը Գրիշիկենց տուն հասնի: Իսկ գյուղի բուժարանը նույնպես մոտ չէ: Բուժարանի բժշիկն էլ հայտարարել է, թե ինքը ոտքով չի գա երեխայի նոպան գրանցելու: «Ասել ա՝ ոտքով չեմ գա, մեքենա ուղարկեք, մերը գյուղի վերջին տունն է, մեքենա էլ չունենք: Էդ պահին ես լեզուն կուլ գնացած երեխային ուշքի բերե՞մ, թե՞ մեքենա գտնեմ իր համար»,-դժգոհեց մայրը՝ շարունակելով. «Պիտի թողնեմ մեռնի երեխեն, որ իրանց կանչե՞մ, գան վիճակը տեսնեն, գրե՞ն»:

Նադյան այսօր անելանելի վիճակում է ու ստիպված դիմել է լրատվամիջոցին: «Անգամ երեխու դեղերի գումարը չկա: Ձեռքը բռնած ման եմ գալիս ամբողջ օրը: Չեմ կարողանում գնամ, աշխատեմ, ոչ էլ նպաստ եմ ստանում, որ դեղերը հասցնեմ: Գոնե դեղերի փողը դուրս գա էդ թոշակով, էն էլ չեն տալիս»,-ասաց նա:

Աշխատանքի և սոցապ նախարարությունից Գրիշիկի դեպքի հետ կապված մեր գրավոր հարցմանը նման պատասխան են տվել. «Հիվանդությունը կամ վնասվածքը անհրաժեշտ, բայց բավարար հիմք չեն հաշմանդամություն սահմանելու համար»:

Հղում անելով կառավարության որոշման վրա՝ սոցապից գրել են, որ «հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարությունն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության»:

Ըստ սոցապի՝ «անձը հաշմանդամ է ճանաչվում՝ ելնելով նրա հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի որևէ ֆունկցիայի խանգարումների հետևանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակից և աստիճանից: Դա որոշելու համար, ըստ Սոցապի, ԲՍՓ հանձնաժողովը հիմք է ընդունում համապատասխան մասնագետների կողմից նրա օբյեկտիվ զննման, ինչպես նաև ներկայացված բժշկական փաստաթղթերում առկա տվյալներն ու բուժման արդյունքները»: Փաստ է, սակայն, որ «Արաբկիր» ԲԿ-ում Գրիշիկի հետազոտությունների տվյալներն առկա են, իսկ ԲՍՓ հանձնաժողովից չեն այցելել՝ երեխայի վիճակը տեսնելու:

Անմարդկային մոտեցում երեխայի հանդեպ

Հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղիկ» ասոցիացիայի նախագահ Լևոն Ներսիսյանը խորհուրդ տվեց ԲՍՓ հանձնաժողովի որոշումը բողոքարկել դատարանում, քանի որ դա անմարդկային մոտեցում է երեխայի նկատմամբ: Ըստ Ներսիսյանի՝ ԲՍՓ-ից պետք է գնան, տեսեն երեխայի վիճակը և իրենք պետք է գործուղեն հիվանդանոց՝ հետազոտման: Նրա խոսքով՝ էպիլեպսիայով հիվանդ երեխաների դեպքում հաճախ հաշմանդամության կարգի մերժման խնդիր առաջանում է, քանի որ ծնողից պահանջում են նոպայի պահին բժիշկ կանչել, ինչը ոչ բոլորի դեպքում է հնարավոր և կարող է վտանգավոր լինել երեխայի կյանքի համար:

Մանկական բժշկասոցիալական հանձնաժողովի (ՄԲՍՀ) նախագահ, մանկաբույժ Նունե Պետրոսյանը մերժումների աճը կապում է վերջին տարիների բժշկական նոր չափորոշիչների սահմանման հետ: Ըստ նրա, մերժումների թիվն աճել է, քանի որ հիվանդության չափորոշիչները փոխվել են:

«Ժամանակին գործել են այլ որոշումներ, օրինակ՝ տարիներ առաջ էպիլեպսիայով հիվանդ երեխային կամ շաքարային դիաբետ ունեցողին մինչև 18 տարեկանը միանգամից տրամադրել են կարգավիճակ, հիմա խստացվել է»,- Hetq.am-ին ասել է մանկաբույժը:

«Օրինակ՝ էպիլեպսիայով հիվանդ երեխային կարգավիճակ տրամադրելու համար ամսվա մեջ գոնե երկու՝ շտապօգնություն կանչ կամ հոսպիտալացման արձանագրություն պիտի լինի: Պիտի ակնառու լինի, որ դեղերի օգտագործման հետ զուգահեռ երեխաների մոտ հաճախակի ցնցումներ են լինում»,- նշել է մանկաբույժը:

Եթե ԲՍՓՀ-ից այցելեին Այգեզարդ գյուղի բնակիչ 6-ամյա հիվանդ երեխային, թերևս կարձանագրեին նրա մոտ դրսևորվող հաճախակի ցնցումներն ու ուշագնացությունները, սակայն Գրիշիկն այսօր անտարբերության ու բյուրոկրատիայի զոհ է՝ զրկված օրենքով իրեն հասանելիք աջակցությունից:

 

forrights.am

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Նորություններ
16:44 Մարտ 16 2024
Անվանվել է սրտի համար առողջարար միրգը
Առողջություն
02:20 Մարտ 08 2024
Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին
Աշխարհ
20:27 Մարտ 07 2024
Գայլը՝ Ապարանի փողոցներում
Նորություններ
14:06 Մարտ 02 2024

Test