Էլի օրենք ու էլի բուհերի մասին

19:20 Փտր 23 2018
1212
Ուսում
Էլի օրենք ու էլի բուհերի մասին

Մեր խորհրդարանում կրկին քննարկում են բարձրագույն կրթության ոլորտը: Քննարկում են կառավարության ներկայացրած «Ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու խնդիրները» խոսուն անունով փաստաթուղթ-ծրագրի շրջանակում: Եթե հիշողությունս չի դավաճանում, մեր խորհրդարանը երրորդ անգամ է ներքաշվել բարձրագույն կրթության մասին օրենսդրական կարգավորում մտցնելու քննարկումների մեջ:

Առաջին օրենքը, կարծեմ, հեռավոր 1998թ. է ընդունվել: Իսկ ՀՀ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» գործող օրենքը ընդունվել է համարյա նույնքան հեռավոր 2004թ-ին: Բայց չի կարելի պնդել թե հայրենի իշխանություններն ու ԱԺ պատգամավորներն օրենքի տեղը մոռացել են ընդունելուց հետո: Անցած 13 տարի երկու ամսում օրենքի մասին առնվազն 20 անգամ հիշել են: Հիշել ու փոփոխել են այն:

Օրենքի վերջին՝ 20-րդ լրացում-փոփոխությունն ընդունվել է ոչ շատ հեռավոր 2016թ. փետրվարին: Հիմա կրկին փետրվար է, և կրկին փոփոխության կարիք կա: Բայց այս անգամ՝ ավելի հիմնավոր: Անցած տարիներին մեր բարձրագույն կրթական համակարգը գոյատևել է գործող օրենքի լրացում-փոփոխությունների հետ` լիովին ներդաշնակ ու համահունչ:

Պետական բուհերը պետական հիմնարկից հիմնադրամ դարձան: Նույն այդ և ոչ պետական բուհերը ներքին ու արտաքին մեծ ու փոքր սկանդալների ու անախորժությունների մեջ ներքաշվեցին: Արտաքին սկանդալները հիմնականում կապված էին բժշկական բուհերի հետ: Արդյունքում՝ կտրուկ պակասեց մեր բուհական համակարգում սովորող արտասահմանցի ուսանողների թիվն Իսրայելից և Իրանից: 2012թ. ԻԻՀ-ից մեր բուհերում սովորում էր մոտ 400 ուսանող:

Հիմա նրանց թիվը 150 է: Ընդհանրապես կտրուկ փոխվել է արտասահմանյան ուսոնողների կազմը՝ ըստ երկրների: Ռուսաստանից և Վրաստանից եկած ուսանողներն օտարերկրյա ուսանողների կառուցվածքում կազմում են ընդհանուրի 55 տոկոսը: Բայց հարկավոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ այս պարագային խոսքը գնում է ազգությամբ հայ ուսանողների մասին, ովքեր մեր բուհերը գերադասել են ռուսականներից ու վրացականներից՝ ավելի ցածր կրթավարձի պատճառով: Կամ էլ այն նույն հանգամանքով, որ մի քանի տարի առաջ պատճառ դարձավ, որ մեր բժշկական բուհերն ընտրեն Իսայելի արաբ ուսանողները:

Հիշեցնենք, որ խոսքը գնում է եվրոպական բուհերից անբավարար ստացած ու դուրս մնացած ուսանողների մասին, ովքեր բաղձալի դիպլոմը ստանում էին հայաստանյան բուհերից: Հնարավոր է, որ արտասահմանից պատմական հայրենիք ուսանելու եկած ուսանողների մի մասն իրականում ի վիճակի չէ իր քաղաքացիության երկրում հաղթահարել բուհերի ակադեմիական գիտելիք ու հմտություն կուտակելու պահանջները: Իսկ այն, որ մեր հայրենի բուհական համակարգը խստապահանջ չէ իր ուսանողների հանդեպ, հայտնի փաստ է:

Մեր բուհերը ֆինանսական անհրաժեշտ միջոցներ ստանալու համար ի վիճակի չեն բարձրացնելու կրթավարձը: Այլապես կզրկվեն թե՛ հայաստանցի, թե՛ օտարերկրացի ուսանողների նկատելի մասից: Տարիներ առաջ բուհերի ֆինանսական «սովը» կանխելու համար «վերակեդանացվեց» հեռակա ուսուցման խորհրդային արատավոր համակարգը: Բայց դա չլուծեց բուհերի առջև ծառացած ֆինանսական խնդիրները: Իսկ մյուս կողմից` ավելի արժեզրկեց բուհական դիպլոմը:

Կրթության ներկայիս նախարարին, թեկուզ միայն՝ իր երկարամյա գործունեության պատճառով, կարելի է ոլորտի ամենափորձառու մասնագետներից համարել: Նա հավանաբար ճիշտ է, երբ ասում է, որ «Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտը տարեկան ստանում է այնքան ֆինանսավորում, որքան, ասենք, ամերիկյան առաջավոր բուհերից մեկը ֆակուլտետը»: Բայց սա ընդամենը փաստի արձանագրում է, և ոչ՝ դատավճիռ: Շատ ավելի կարևոր է պարզել, թե մենք ինչպես և ինչ նպատակի համար ենք ծախսում ամերիկյան առաջավոր բուհի ֆակուլտետի չափ գումարը: Հայաստանի բուհական համակարգում վերջին չորս տարիներին դանդաղ ու կայուն պակասում է ուսանողների քանակը:

2012/13 ուտարում 90 հազարից ավելի ուսանող կար, 2015/16 ուստարում՝ 84,6 հազար: Եկող տարի դիմորդների թիվը կտրուկ պակաս է լինելու` կրթական ոլորտի նախկին տարիներին իրականացված բարեփոխումների պատճառով: Մինչդեռ 2012/13 ուստարում բուհ ընդունվել էր 21,3 հազար մարդ, 2015/16-ում` 18 հազար: Բուհական խնդիրների խորհրդարանական քննարկումներին հարկավոր է ուսումնասիրել նաև բուհերում սովորող ուսանողների կառուցվածքը՝ ըստ մասնագիտությունների:

Իսկ այդ ոլորտում աղաղակող, անհասկանալի ու անտրամաբանական պատկեր է: Հայաստանի ՀՆԱ-ն ուսումնասիրելու դեպքում որևէ մասնագետի համար դժվար է այն ոչ ագրարային երկրի ՀՆԱ անվանել:

Մինչդեռ մեր բուհերը տարեկան պատրաստում են իրավունքի 1681 մասնագետ, սոցիալական ու վարքաբանական գիտությունների 2 հազար 806 մասնագետ: Իսկ գյուղատնտեսական գիտությունների՝ 42 մանագետ և 44 անասնաբույժ: Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների տարեկան պատրաստված մասնագետների քանակը 898 է: Փորձեք տեղեկատվական և տնտեսության այլ ժամանակակակից ոլորտներում պատրրաստված մասնագետների քանակը համեմատել, ասենք, «սերիալների դերասան» մասնագիտություն ստացածների քանակի հետ:

Հետո արդեն կարելի է հանգիստ խղճով քննարկել, թե համաշխարհային հռչակ վայելող որ բուհի որ ֆակուլտետի ֆինանսավորման չափ ենք փող հատկացնում, որ 19-րդ դարի մասնագիտական որակավորում ունեցողները նույն 19-րդ դարի մասնագիտական որակավորում ունեցող արտադրեն:

Հ.Գ. Օրերս Երևանի պետական համալսարանի փոխդեկան էին հեռացրել աշխատանքից՝ ուսանողուհուն անհարիր առաջարկ անելու պատճառով: Թվում էր, թե սեքսուալ ոտնձգությունների արևմտյան պատմությունների շունչը հասավ Հայաստան: Բայց «Ես էլ» արևմտյան շարժման փոխարեն՝ ուսանողները միտինգ են անում փոխդեկանին վերադարձնելու համար:

Ահա բուհական ներքին սկանդալի մեկ ու ավելորդ օրինակ, թե ինչու Արչմուտքը մեզ չի հասկանում ու չի «գնահատում» մեր բուհերի դիպլոմները:

Աղբյուրը՝ 168.am

Հարակից նյութեր

Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցն օպտիմալացման եզրին է
Ուսում
19:00 Սեպ 06 2017
2313
Կառավարության որոշմամբ այս տարի հանրապետության մի շարք դպրոցներ օպտիմալացվեցին:
«Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան
Ուսում
22:15 Սեպ 07 2017
1895
Ընդհանուր առմամբ համակարգչային հմտությունների դասավանդման խնդիր կա:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
2 մլրդ դրամ հափշտակություն և նորից ՊՆ-ում
Հասարակություն
20:30 Հնս 19 2018
14266
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`