Ֆիրդուսի փողոցի շուկայի տարածքում գործող առևտրականներին նոր շուկաներ տեղափոխելու հարցն ընթացքի մեջ է, բանակցություններ են տարվում: Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ խնդրի մասին առևտրականները դեռ մեկ տարի առաջ գիտեին: «Մեր առևտրականների համար պետք է ստեղծենք հարմար պայմաններ, որ իրենք իրենց առեւտուրն իրականացնեն: Մենք բանակցում ենք այլ շուկաների հետ, որ իրենց անվճար և հարմարավետ տեղեր հատկացնեն առեւտուրն իրականացնելու համար»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետը հույս հայտնեց, որ «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատումը կկատարվի սեղմ ժամկետներում: «Արդեն իսկ ներդրողներ կան, և մենք ուզում ենք օր առաջ այդ գործընթացն ավարտին հասցնել»,-ասաց քաղաքապետը:
«Ֆիրդուսի» թաղամասի կառուցումը նախատեսվում է իրականացնել առաջիկա 4-5 տարում, որի ամբողջ ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ: