Հարկաբյուջետային կոնսոլիդացիա, ծախսերի կրճատում․

08:21 Հունիս 12 2017
*
Տնտեսություն
Հարկաբյուջետային կոնսոլիդացիա, ծախսերի կրճատում․

Վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը Դիլիջանում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի ու Նիդեռլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման ժամանակ հայտարարել է, թե վերջին տարիներին Հայաստանում պետական պարտքի մակարդակի էական աճ է գրանցվել: Իսկ դա թելադրում է, որ այս և հետագա տարիներին իրականացվի հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ նպատակ հետապնդելով պարտքը վերադարձնել կայուն միջավայր և չվտանգել մակրոտնտեսական կայունությունը, ինչը տնտեսվարողների կողմից ներդրումների իրականացման կարևոր նախապայման է:

Նախ մի կողմ թողնենք Կ. Կարապետյանի այն խոստովանությունը, որ պետական պարտքը արդեն վտանգավոր չափերի է հասել: Մինչև հիմա համապատասխան պաշտոնյաները հայտարարել են, որ ՀՀ-ն պարտքի ցածր մակարդակ ունեցող երկիր է:

Իմիջիայլոց նաև նշենք, որ ՀԲ-ի և ԱՄՀ-ի ներկայացուցիչները տուրիստական այց չեն կատարում մեր երկիր, նրանց այցելությունը վերահսկողական և ստուգողական բնույթ ունի: Բանն այն է, որ Հայաստանի արտաքին պարտքի գերակշիռ մասը հենց այդ կառույցներից վերցրած վարկերն են: Եվ ՀԲ-ն ու ԱՄՀ-ն ոչ միայն մեր երկրում իրենց ներկայացուցչությունների, այլև նման ավելի բարձր մակարդակի այցերի միջոցով փորձում են հասկանալ, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը, և մեր իշխանություններն ինչպես են կատարում այդ կառույցների նկատմամբ ստանձնած պարտականությունները: Խոսքն այն մասին է, որ ՀԲ-ն ու ԱՄՀ-ն ունեն որոշակի խաղի կանոններ, և երկրները, ըստ այդ կանոնների, նրանցից վարկեր են վերցնում: Եվ այդպիսով այդ կառույցներին հետաքրքրում է, թե այդ պարտավորությունների կատարման շրջանակներում ՀՀ-ն ի վիճակի՞ է ապահովել իրենցից վերցրած վարկերի վերադարձելիությունը:

Իսկ հիմա անդրադառնանք այն խնդրին, թե ինչ է նշանակում «հարկաբյուջետային կոնսոլիդացիա»: «Դա նշանակում է, որ ավելորդ ծախսեր չեն անի, կմնան այդ 3 տոկոս դեֆիցիտի շրջանակներում: Եվ ընդհանրապես ծախսերի արդյունավետության հարց է դրվում: ՀԲ-ի պահանջը միշտ եղել է այդպիսին, որ երբևիցե այդ նորմատիվների շրջանակներից դուրս չպետք է գաք: Իշխանությունները միշտ ասել են, որ պարտքը կառավարելի է, անհանգստացնող չէ, բայց ՀԲ-ի անցած տարվա զեկույցներից մեկում անհանգստություն կար, որ ՀՀ պետական պարտքը վերջին 3 տարիների ընթացքում 30 տոկոսով աճել է, իսկ տնտեսության աճը 10 տոկոս էլ չի եղել, որ պետական պարտքը ավելացնում ենք, բայց արդյունքում տնտեսական աճ չենք ստանում: Եվ երկրորդ անհանգստությունը՝ որ եթե այս տեմպերով շարունակենք, մենք լուրջ խնդիր կունենանք պետական պարտքի սպասարկման առումով»,- ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

ՀԲ-ն իր զեկույցներում նաև արձանագրել էր, որ մեր պետությունը 250 մլրդ դրամի ապառքներ ու գերավճարներ ունի բիզնեսի նկատմամբ, ինչն ըստ էության թաքնված պետական պարտք է: Բյուջեի կոնսոլիդացիա ասածը նաև դրան է վերաբերում, որ որպես պետություն՝ պետք է կատարվեն այդ պարտավորությունները: Վ. Խաչատրյանի խոսքով՝ մեր բյուջեն ամբողջապես չի սպասարկում տնտեսությանը՝ առողջապահության, կրթության, տրանսպորտի, կոմունալ ոլորտներին, ինչից այդ ծառայությունների որակն ընկնում է:

«Բայց այդ կոնսոլիդացիայի մեջ մի վտանգ կա՝ այդ դեպքում կարող է առողջապահության կամ կրթության ոլորտներում պլանավորած օպտիմալացումը խիստ անհրաժեշտ դառնալ: Կամ առանց այդ էլ նշված ոլորտների թերֆինանսավորումն էլ ավելի կրճատեն, ինչը նորից բացասաբար կանդրադառնա այդ ծառայությունների որակի վրա: Օրինակ՝ ճանապարհների վերանորոգման դեպքում մի կողմ դնենք, որ անորակ են անում, մյուս կողմից էլ՝ նորմալ ճանապարհ պահելու նորմատիվները չեն պահվում: Մեկ ամիս առաջ Վրաստան գնացողները զարմացած ասում էին, թե Մառնեուլի շրջանում նորմալ ասֆալտ է, ինչո՞ւ են նոր շերտ անում: Բայց կարգն է այդպես, դա ինչ-որ ժամանակ ծառայել է, և եթե նորից չանեն, կդառնա Հայաստանի ասֆալտի նման»,- ասում է տնտեսագետը:

Իսկ Կ. Կարապետյանի ասած հարկաբյուջետային կոնսոլիդացիան կառավարությունը վաղ թե ուշ պետք է աներ, քանի որ արտագաղթը ավելանում է, 18 տոկոս գործազրկություն և 30 տոկոս աղքատություն կա: Եվ տպավորություն է, թե այս վիճակը մեզ համար արդեն դարձել է կյանքի նորմ: Արտագաղթի խնդիրն այնքան է ահագնացել, որ փորձագետներն ասում են, թե եկող տարվանից Հայաստանում բնական աճ չի լինելու: Իսկ անցած տարիներին մեր երկրում աճել է միայն պետական պարտքը՝ 2008-ից հետո 4 անգամ է ավելացել ու 1,5 մլրդ դոլարից դարձել ավելի քան 6 մլրդ դոլար՝ այն դեպքում, երբ այդ ընթացքում տնտեսական աճը հազիվ 30 տոկոս լինի: ՀԲ-ն այս մասին էլ իր զեկույցներում անդրադարձել է:

Հիշեցնենք, որ մեր երկրի կողմից պետական պարտքը սպասարկելու կամ նոր վարկեր ներգրավելու պատճառով ՀԲ-ն ՀՀ իշխանությունների առաջ եկամուտներն ավելացնելու պայման դրեց՝ հատկապես, որ 2020թ. պետական պարտքի սպասարկման համար աննախադեպ գումար՝ 1 մլրդ դոլար է անհրաժեշտ: Իսկ եկամուտներն ավելացնելու երեք ուղղություն կա՝ տնտեսական աճ, կոռուպցիայի նվազեցում և մենաշնորհների վերացում ու հարկերի ավելացում: ՀՀ իշխանոււթյուններն ընտրեցին երրորդ տարբերակը և այդ նպատակով անցած տարի նոր Հարկային օրենսգիրք ընդունեցին, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2018թ.:

«Բայց բիզնեսի ներկայացուցիչները լռեցին ու ընդունեցին այդ օրենսգիրքը: Մեզ մոտ, որպես այդպիսին, նորմալ բիզնես-հարաբերություններ էլ չկան: Ես վտանգ եմ տեսնում, որ ՀՀ իշխանությունները ՀԲ-ի հետ իրենց գործընկերային պարտականությունները կատարելու պարտավորությունը չեն զգում: Եվ դա քաղաքական խնդիր է: Որքան ուզում ես՝ բարեփոխում արա, եթե երկրի ներսում մրցակցություն չկա, ոչ մի բարեփոխում, ոչ մի տնտեսական գաղափար արդյունք չի տալու: Մի քանի տարի առաջ ՀԲ-ն վերլուծություն էր արել, որ նախկին ԽՍՀՄ երկրների մեջ ՀՀ-ն գերմոնոպոլացված երկիր է: Հետո համապատասխան պաշտոնյաները բողոքեցին: Բայց մարդիկ օբյեկտիվ գնահատական էին տվել. եթե շաքարի կամ բանանի ներկրումը մոնոպոլիա է, ասեն՝ այդպես չէ՞: Կառավարությունը դա չի էլ ուզում ընդունել, բառախաղ են անում, թե գերիշխող դիրք ունեցողներ կան»,- ասում է Վ. Խաչատրյանը:

Պետական պարտքի ավելացման առումով նաև հիշեցնենք, որ 2016թ. բյուջեով նախատեսված 3 տոկոս դեֆիցիտը ավելի քան 2 տոկոսով ավելացվեց, և 190 մլրդ դրամը հասցվեց 278 մլրդ-ի: «ՀԲ-ն էլ նման բան թույլ չի տա, ի վերջո՝ ինքն է վարկ տալիս և մտահոգ է իր փողերի համար»,- եզրափակում է տնտեսագետը:

Աղբյուրը՝ 1in.am

Հարակից նյութեր

Ցուկերբերգը 6․6 մլրդ դոլար է կորցրել Facebook-ում խափանումների պատճառով
Տնտեսություն
13:20 Հոկտեմբեր 05 2021
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընկերությանը պատկանող սոցցանցերի և ծառայությունների գլոբալ խափանումների ֆոնին կորցրել է 6,6 մլրդ դոլար և վեցերորդ տեղն … ...
Հայաստանը մտադիր է սկսել հարվածային անօդաչու սարքերի սերիական արտադրություն
Տնտեսություն
15:47 Փետրվար 09 2021
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանը հաջողությամբ արտադրում է հետախուզական անօդաչու թռչող սարքեր, … ...
Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին
Տնտեսություն
16:23 Հունվար 20 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Տնտեսություն
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test