Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է։ Նա ղեկավարում է իր հիմնադրած Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, իսկ Երևանում ստեղծել է նաև մարզասրահ հաշմանդամություն ունեցողների համար, որտեղ սովորեցնում է հաղթող դառնալ ամեն ինչում։

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի հետ պատահական ծանոթացել եմ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Այն քչերից էի, որը նրա սխրանքի մասին մինչ այդ չէի լսել։ Գիտեմ, որ այս խոստովանությունն ինձ պատիվ չի բերում։ Մեր հանդիպումն այնպիսի տպավորություն թողեց ինձ վրա, որ հրաժեշտ տալուց անմիջապես հետո համացանցում՝ փնտրման տողում մուտքագրեցի նրա անուն–ազգանունն ու սկսեցի կարդալ։

Սարգիս Ստեփանյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Կարծում էի՝ միայն հոլիվուդյան ֆիլմերում է հնարավոր, որ գլխավոր հերոսն անհավանական բաների միջով անցնի, որ կյանքը ոչ թե մազից լինի կախված, այլ մազն էլ կտրված լինի, բայց նա ողջ մնա ու հաղթի։

Սարգիս Ստեփանյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

Բայց, փաստորեն, իրականության մեջ էլ կարող է «սուպեր հերոս» լինել։ Այդ օրը ես գտա իմ սուպեր հերոսին։

2014 թվականի հուլիսի 29-ին հակառակորդի հերթական դիվերսիայի ժամանակ հայկական կողմն արժանի հակահարվածով նորից ադրբեջանցիների «քիթը ջարդեց», բայց չեզոք գոտում վիրավոր սպա ունեցանք։ Սարգիս Ստեփանյանն այդ ժամանակ ծառայում էր Հատուկ նշանակության ջոկատում։ Խմբի հետ մարտական ընկերոջ հետևից ականապատ դաշտ գնացին՝ անգամ չիմանալով՝ նա վիրավոր է, թե արդեն ողջ էլ չէ։ Այդ ժամանակ էլ ականներից մեկը պայթեց՝ անմիջապես պոկելով Սարգիսի աջ ոտքը, իսկ ձախ ոտքն ու աջ ձեռքը սարսափելի վնասված վիճակում էին։ Ընկերները նրան դուրս բերեցին դաշտից, առաջին օգնությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սպային պաշտպանական շրջանի հոսպիտալում ցուցաբերեցին։

Չափահաս մարդու օրգանիզմում արյան ծավալը մոտ 5 լիտր է, այս ծավալի կեսից ավելին Սարգիսը կորցրել էր: Հոսպիտալն այդքան արյուն չուներ։ Ընկերոջ փրկության համար արյուն տվեցին զինվորներն ու սպաները։ Սարգիսի կյանքը ոչ թե ժամերից, րոպեներից, այլ վարկյաններից էր կախված։ Արյունը ներարկվում էր անգամ առանց համապատասխան մշակման։ Վիրահատության ժամանակ Սարգիսը մի քանի անգամ սրտի կանգ ունեցավ, բայց կարողացավ հաղթահարել փորձությունը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am