Մասսայական արտադրության փուլում որոշ խնդիրներ են եղել, ինչի պատճառով դրամապանակների առաքումը հետաձգվել է. Volterman

17:40 Հունվար 22 2018
*
Կրեատիվ
Մասսայական արտադրության փուլում որոշ խնդիրներ են եղել, ինչի պատճառով դրամապանակների առաքումը հետաձգվել է. Volterman

Volterman-ի հեղինակության վրա բացասական ազդեցություն կունենա ոչ թե խոստացված ժամկետից ուշացումը, այլ վատ որակը, իսկ մենք ուշադրություն ենք դարձնում հենց անթերի արտադրական պրոցեսին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Volterman ընկերության գործադիր տնօրեն, խելացի դրամապանակի գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը՝ անդրադառնալով սոցցանցերում պրոդուկտի շուրջ բարձրացված աղմուկին: Նրա խոսքով՝ մատակարարումների ուշացումը չի ազդի ընկերության հեղինակության վրա։ Ավելին, այս պահին միջազգային շուկաներում Volterman խելացի դրամապանակը վաճառելու համար բավականին առաջարկներ կան խոշոր դիստրիբյուտորներից և դիլերներից: «Անգամ պայմանագրային դրույթների քննարկումների փուլում ենք, ուստի ակնհայտ է, որ մեր պրոդուկտը վստահություն է վայելում: Յուրաքանչյուր դեպքում մեր գնորդները կարող են վստահ լինել, որ առաջիկայում ստանալու են իրենց կողմից սիրված որակյալ Volterman դրամապանակը»,- նշեց Ազատ Թովմասյանը:

Նախքան հիմնական հարցերին անցնելը Volterman ընկերության գործադիր տնօրենը մի քանի բառով ներկայացրեց, թե ինչ է քրաուդֆանդինգը. այն շատ հարմար հարթակ է՝ գաղափարը պրոդուկտի վերածելու և հետագայում արդեն պրոդուկտը վաճառելու համար։ Այս ամենն անելու համար, բնականաբար, անհրաժեշտ են աջակիցներ, ովքեր հավատալով գաղափարին՝ օգնում են հավաքել պահանջվող գումարը և տարածել գաղափարը: Հավաքագրված գումարների հաշվին հեղինակները արտադրում են պրոդուկտը և մատակարարում իրենց աջակիցներին՝ նախքան պրոդուկտը լայն շուկա մուտք կգործի։ Այս ձևաչափը գրավիչ է գաղափարի աջակիցների համար, քանի որ նրանք դառնում են շուկայում դեռևս նմանը չունեցող արտադրանքի առաջին օգտագործողները՝ ձեռք բերելով այն շուկայական գնից նույնիսկ մինչև 50% էժան։ «Ի դեպ, նման գնով երբևէ տվյալ արտադրանքը չի վաճառվելու ազատ շուկա մուտք գործելուց հետո։ Սակայն, ամենակարևոր առանձնահատկությունն այս գործընթացում այն է, որ պրոդուկտի քրաուդֆանդինգի աջակիցները, իրենց բարի կամքի դրսևորմամբ, հնարավորություն են տալիս նոր գաղափարին վերածվել արտադրանքի, որը կարող է բարելավել մարդու կենցաղը և, ինչո՞ւ ոչ, դառնալ աշխարհահռչակ պրոդուկտ»,- ասաց նա:

– Պարո՛ն Թովմասյան, Ձեր ստեղծած Volterman դրամապանակի նախնական գնորդները առաքման ժամկետների հետաձգման պատճառով աղմուկ են բարձրացրել սոցցանցերում և անհանգստություն են հայտնում իրենց գումարների համար։ Դուք հայտարարել էիք, որ դրամապանակների զանգվածային արտադրությունը պետք է սկսեիք 2017 թ․ սեպտեմբերին, իսկ դեկտեմբերին արդեն պետք է սկսվեին առաքումները, սակայն վերջերս տեղեկացրիք, որ առաքումը հետաձգվել է փետրվարին։ Ո՞րն է հետաձգման պատճառը։

– Նախևառաջ, Volterman դրամապանակը զուտ դրամապանակ չէ, այլ տեխնոլոգիական նորույթ։ Այն ֆունկցիաները, որոնք իրականացնում է մեր դրամապանակը, ենթադրում են բավականին բարդ տեխնոլոգիական մշակումներ, որոնք արդեն ավարտված են: Ինչպես և յուրաքանչյուր տեխնոլոգիական նորույթի պարագայում, Volterman-ի արտադրությունը նույնպես ենթադրում է բազմամակարդակ գործընթացներ, որի ընթացքում կարող են որոշ շեղումներ լինել պլանավորված ժամկետներից: Քրաուդֆանդինգում ներկայացվում են նորարարական ոչ ստանդարտ նախագծեր, որոնց իրականացումը լի է չնախատեսված հանգամանքներով, ինչն էլ շատ դժվարացնում է ժամկետների ճշգրիտ կանխատեսումը․որոշ նախագծերի մոտ դա երբեմն տևում է տարիներ, իսկ մենք կարողացել ենք արդեն առաջին նմուշները ստանալ շատ կարճ ժամկետներում։

Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության, քրաուդֆանդինգի հարթակի միջոցով իրականացվող նախագծերի մոտ 90%-ն իրականացվում է ուշացումներով, և միայն 10%-ն է, որ ավարտվում է ժամանակին։ Ի սկզբանե արել ենք ամեն ինչ այդ 10%-ի համախմբում հայտնվելու համար։ Պրոդուկտը նախագծել և թեսթավորել ենք մոտ 3,5 ամսում, որն ի դեպ աննախադեպ ցուցանիշ է։ Փորձել ենք հիմնականում ներգրավել հայ մասնագետների և հայկական ընկերությունների: Մասնավորապես՝ մարքեթինգի, դիզայնի, կաշվի արտադրության, ծրագրային ապահովման մշակման, պլատաների նախագծման, կառուցման և այլն աշխատանքներն իրականացվում են Հայաստանում։ Սակայն, մենք ստիպված ենք պլատաների արտադրությունը և դրամապանակում օգտագործվող տեխնոլոգիական կոմպոնենտները պատվիրել արտերկրից՝ Հայաստանում նմանատիպ արտադրությունների բացակայության պատճառով: Մենք քրաուդֆանդինգ արշավի ողջ ընթացքում Indiegogo կայքի մեր պաշտոնական էջի միջոցով մեր բոլոր աջակիցներին պարբերաբար տեղեկացրել ենք նախագծի իրականացման ընթացքի մասին և ավելի քան մեկ ամիս առաջ նաև հայտարարել ենք, որ ցավոք հանդիպել ենք որոշ խնդիրների մասսայական արտադրության փուլում։ Այս տեղեկատվությունը նաև էլեկտրոնային նամակների միջոցով տրամադրել ենք մեր բոլոր աջակիցներին։ Ուշացման պատճառը նրանում է, որ նոյեմբերի վերջից անսպասելի խնդիր առաջացավ կոմպոնենտների համաշխարհային շուկայում։ Տարբեր պատճառներով խոշոր արտադրողները մատակարարման ժամկետները երկարացրին մի քանի անգամ, որի արդյունքում մատակարարները խախտեցին մեր ընկերության հետ ունեցած նախնական պայմանավորվածությունները. մի մասը հայտնեցին, որ տվյալ պահին իրենց պահեստներում չունեն մեզ անհրաժեշտ ավելի քան 350 կոմպոնենտները, մյուս մասը կտրուկ բարձրացրին կոմպոնենտների գները, ինչն անհնարին դարձրեց վերանայված գնով վերջիններիս գնումը: Արտադրության համար պատասխանատու մեր թիմի աշխատակիցները գրեթե մեկ ամսով մեկնեցին Չինաստան՝ տեղում խնդրի լուծում գտնելու համար։ Զուգահեռ դիմեցինք Հայաստանում և արտերկրում տարբեր ընկերություններում աշխատող մի շարք հայերի, որոնց օգնությամբ, ի ուրախություն բոլորիս, գտանք ոսկե միջին՝ գին-մատակարարման ժամկետ համադրությամբ, և կարողացանք վերականգնել արտադրության ընթացքը։ Այս պահին մասսայական արտադրանքի փորձնական նմուշներն արդեն Հայաստանում են, ստուգվում է արտադրանքի համապատասխանությունը մեր կողմից տրված նախագծերին և մեր պահանջներին։ Ասել է թե՝ ստուգվում է արտադրական որակը։ Մեզ համար տվյալ փուլը շատ կարևոր է, քանի որ մեր ընկերությունը մշտապես ձգտելու է գնորդներին որակյալ արտադրանք մատակարարել: Կարող ես ունենալ լավ նախագիծ, բայց թերի արտադրական պրոցեսի պատճառով այն այդպես էլ չդառնա լավ պրոդուկտ։

– Հնարավո՞ր է, որ Volterman-ի առաքման ժամանակացույցը նորից փոխվի, թե՞ փետրվարն արդեն հստակ ժամկետ է։

– Մեր համար անչափ կարևոր է հնարավորինս համապատասխանել մեր գնորդների սպասումներին: Այս պահին նախատեսում ենք փետրվարին սկսել մատակարարումները, համենայնդեպս ամեն ինչ արվում է դրա համար, սակայն շատ բան կախված կլինի չինական արտադրողներից, որոնք պետք է արտադրեն Volterman-ի պլատան: Փորձում ենք խուսափել հետագա ուշացումներից՝ փետրվար ամսին տեղի ունեցող չինական Ամանորի հետևանքով։

– Քանի՞ նախնական պատվիրատու կա այժմ, և արդյո՞ք նրանց բարձրացրած աղմուկը հետագայում չի վնասի արտադրության ծավալները մեծացմանը։

– Արտադրության ուշացման օրինակները շատ են, անգամ համաշխարհային խոշոր ընկերությունների կողմից արտադրության ժամկետների խախտումներ ևս գրանցվել են։ Ինչպես նշեցի, մենք անում ենք առավելագույնը, որ հնարավորինս շուտ մատակարարենք դրամապանակները: Հասկանալով մեր աջակիցների անհանգստությունները՝ մենք մշտապես իրազեկում ենք իրենց մեր առաջընթացի մասին, ինչը, մեր դիտարկումներով, բարձրացնում է վստահությունը մեր ընկերության նկատմամբ: Յուրաքանչյուր դեպքում, մեր գնորդները կարող են վստահ լինել, որ առաջիկայում ստանալու են իրենց կողմից սիրված որակյալ Volterman դրամապանակը:

– Օգտատերերը սոցցանցերում սկսել են գրել, թե Volterman-ը ոչ թե մշակում է իր սեփական պլատան, այլ տեղադրում է չինական էժան սմարթֆոնների պլատաները։ Այս և նմանատիպ շատ այլ վատաբանող խոսակցությունների վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։

– Սպասելի է, որ ժամկետների ուշացումը կարող է առաջացնել ընկերության տարբեր որակումներ՝ այդ թվում բացասական: Հատկապես նպաստավոր իրավիճակ է ստեղծվում նաև մեր մրցակիցների համար՝ պրոդուկտի հեղինակությանը վնասելու տեսանկյունից: Սակայն, կարծում եմ, որ նման հայտարարությունները անհեթեթություն են և ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում։ Մենք կարող ենք օգտագործել որոշ չինական կոմպոնենտներ, սակայն Volterman-ի արժեքը հանդիսանում է վերջինիս համար առանձնահատուկ նախագծված պլատան, իր ապրանքանիշը, արտաքին տեսքը, գյուտը, ծրագրային ապահովումը և այդ ամենի նկատմամբ ընկերության ունեցած հեղինակային իրավունքները։ Ի դեպ, մեր խելացի դրամապանակի համար արդեն իսկ պաշտպանված են մի շարք հեղինակային իրավունքներ, իսկ որոշները դեռևս գտնվում են ընթացքի մեջ։ Այս ամենի նպատակն է բացառել կրկնօրինակումները։ Ասեմ ավելին, չինական արտադրության էժանագին պլատաները չեն կարող արտահանվել Եվրոպա կամ ԱՄՆ, քանի որ դրա համար համապատասխան սերտիֆիկատներ են անհրաժեշտ, իսկ մեր հիմնական արտահանման երկրները հանդիսանում են եվրոպական երկրները և ԱՄՆ-ն։ Մի փոքր պարզաբանեմ, թե ինչու է պլատան նախագծվել Հայաստանում, բայց արտադրվում Չինաստանում։ Չինաստանը մասնագիտացած է այս ոլորտում և օրեցօր ավելի է զարգանում։ Ուստի պատահական չէ, որ համաշխարհային ամենամեծ ընկերությունները ևս իրենց արտադրությունը կազմակերպում են այնտեղ։ Մեր դրամապանակներն ունենալու են «Արտադրված է Հայաստանում» մակնշումը, ինչը ենթադրում է, որ արտադրանքի մեծ մասն արտադրվելու է Հայաստանում։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս սրան, այլապես կարող էինք պրոդուկտն ամբողջությամբ պատրաստել այլ երկրում և ավելի էժան։ Մեր դրամապանակը միայն պլատա չէ, այն ունի մի շարք այլ դետալներ, որոնք արտադրվում են հենց Հայաստանում, հետևաբար այն կունենա մեզ համար շատ կարևոր մակնշումը։ Ավելին, նախաձեռնել ենք արտադրական ընկերության գրանցում Հայաստանում, որը ՀՀ կառավարության կողմից ստացել է ազատ տնտեսական գոտում արտադրություն կազմակերպելու թույլտվություն: Այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի նաև պլատաների վերջնական հավաքումը նույնպես իրականացվի Հայաստանում, ինչը կլինի աննախադեպ մեր տարածաշրջանի համար:

– Volterman-ն անկասկած Հայաստանի ՏՏ ոլորտի ամենահաջողված պրոյեկտներից է։ Ձեր արտադրանքի շուրջ ստեղծված իրավիճակը վստահության առումով կարո՞ղ է ազդել հայկական մյուս և նոր ստեղծվելիք ստարտափների վրա։

– Շնորհակալ եմ Volterman-ը հայաստանյան ամենահաջողված պրոյեկտներից մեկն անվանելու համար։ Մեկ անգամ ևս կցանկանայի նշել, որ այս հաջողության հիմքում մեր Volterman-ի թիմի անձնվեր աշխատանքը և պրոֆեսիոնալիզմն է։ Հարկ է չմոռանալ մի բան, որ Volterman-ն ինքը սթարթափ է, այսինքն՝ գաղափարից դառնում է պրոդուկտ, որը շատ բարդ է և լի խոչընդոտներով։ Վիճակագրության համաձայն 10 սթարթափներից միայն մեկն է հաջողության հասնում։ Այսինքն՝ 10 գաղափարից միայն մեկն է դառնում ռեալ պրոդուկտ։ Ակնհայտ է, որ քրաուդֆանդինգի աջակիցների մեծ մասը հասկանում են դա: Թերևս խոչընդոտների հաղթահարման ճանապարհին ձեռք բերված փորձը կարող է լավ օրինակ հանդիսանալ մյուս հայկական սթարթափների համար։ Հավաստիացնում եմ, որ մեր թիմը պատրաստ է կիսվել մեր փորձով։ Ինչպես արդեն նշեցի, մենք կարծում ենք, որ ուշացումը չի ազդի ընկերության հեղինակության վրա։ Հեղինակության վրա բացասական ազդեցություն կունենա վատ որակը։ Ավելին, մենք ակնկալում ենք նաև, որ մեր հաջողված փորձը կմեծացնի հայկական ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը՝ հնարավորություն տալով նոր ստարտափներ ստեղծելու համար: Այս պահին միջազգային շուկաներում Volterman խելացի դրամապանակը վաճառելու համար բավականին առաջարկներ ենք ստացել խոշոր դիստրիբյուտորներից և դիլերներից, և անգամ պայմանագրային դրույթների քննարկումների փուլում ենք, ուստի ակնհայտ է, որ մեր պրոդուկտը վստահություն է վայելում։ Մեկ անգամ ևս կուզենայի շեշտել, որ մենք անում ենք առավելագույնը մատակարարումները հնարավորինս շուտ սկսելու համար: Մենք պատրաստ ենք շուրջօրյա ռեժիմով պատասխանել ցանկացած հարցի: Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Կցանկանայի նաև ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աջակիցներին։

Աղբյուրը՝ 1in.am

Հարակից նյութեր

Փեսայի  փախուստը հարսանիքի նախօրեին․հարսնացուն ամուսնացավ հյուրերից մեկի հետ
Կրեատիվ
17:00 Հունվար 15 2021
Հնդկաստանի Կառնատակա նահանգում հարսնացուն հենց հարսանիքի օրն ամուսնացել է  հյուրերից մեկի հետ այն բանից հետո, երբ փեսացուն փախուստի է դիմել … ...
Ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից Թիթ Նաթ Հանի կանոնները՝ երջանիկ կյանքի համար
Կրեատիվ
23:50 Ապրիլ 05 2020
Մեր ժամանակների ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկը՝ բուդդիստ վանական Թիթ Նաթ Հանը, պատմել է կանոնների մասին, որոնք կօգնեն երջանիկ լինել:  Ժպտացեք Եթե … ...
Գերմանիայում սկսվել է զուգարանի թղթի տեսքով տորթերի արտադրություն
Կրեատիվ
16:49 Մարտ 30 2020
Գերմանացի հրուշակագործները որոշել են այս օրերին մեծ պահանջարկ վայելող ապրանքներից մեկի՝ զուգարանի թղթի տեսքով թխվածքներ արտադրել: Այս մասին հայտնում է DW.com-ը: … ...
«Արքային պատասխանը դուր եկավ…»
Կրեատիվ
18:11 Մարտ 27 2020
ԷՍՊԻՍԻ ԲԱՆ Արշավանքներից մեկի ժամանակ պարսից տերության հիմնադիր Կյուրոս Մեծը գերի վերցրեց մի իշխանի՝ ամբողջ ընտանիքով: Կյուրոսը հարցրեց նրան. – … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test