«Անբարոյականություն է ապրել մի տղամարդու հետ, ում չես սիրում». հոգեբան Միխայիլ Լիտվակ

17:45 Հոկտեմբեր 09 2017
*
Ընտանիք
«Անբարոյականություն է ապրել մի տղամարդու հետ, ում չես սիրում». հոգեբան Միխայիլ Լիտվակ

Մարդիկ ծնվում են՝ որպես հանճարներ, իսկ հետո նրանցից սարքում են հիմարներ: Մի գործ անելու ունակ մարդուն հաճախ ստիպում են ընտրել բոլորովին այլ մասնագիտություն, մարդը հետագա իր ողջ կյանքում տանջվում է: Իսկ սիրել ընդհանրապես մեծ մասը չգիտի, որովհետև սեր են համարում մեկ այլ մարդու` հիվանդագին կերպով կարիքը ունենալը: Սրա մասին է հոգեթերապևտ, ակադեմիկոս Միխայիլ Լիտվակի հետ հարցազրույցը:
Ձեր գրքերը կարդալուց հետո տպավորություն է ստեղծվում, որ մեզ մոտ ոչինչ ճիշտ չի արվում: Այնպես չեն սովորեցնում, այնպես չեն բուժում, այնպես չեն աշխատում, ընտանիք ստեղծում… Մի խոսքով, ամեն բան սխալ է: Մի՞թե դա այդպես է:
Այնքան էլ չէ: Նրանք, ովքեր, ինչպես հարկն է՝ սովորում են, աշխատում, ընտանիք են ստեղծում և ճիշտ նպատակներ դնում իրենց առջև, իմ կարիքը չունեն: Ինձ մոտ գալիս են մարդիկ, ում համար ծանր է, այն է` զարգացման շրջանում ինչ-որ բան սխալ է գնացել: Հոգեպես առողջ մարդիկ մեր հասարակությունում քիչ են, քանի որ դաստիարակության ընթացքում մարդկանց առաջ շատ սահմանափակումներ են դնում, և ուղիղ, հավասար աճի փոխարեն՝ նա սկսում է ճկվել։
Դուք ասում եք, որ մեզ մոտ (Ռուսաստանում) հոգեբանական օգնության կարիք ունի բնակչության շուրջ 85%-ը:
Դա իմ` 2 մեծ գործարանների 4000 աշխատակիցների հետազոտության արդյունքն է, և դա մեր մանկավարժական համակարգի բացթողումն է: Չէ՞ որ նրա էությունն այն է, որ մեզ մարդն այնպիսին, ինչպիսին որ կա, պետք չէ, և հենց որ հայտնվում է բոլորից տարբերվող հանճարեղ մի դպրոցական, նրա դեմ սկսում են պայքարել միայն այն բանի համար, որ նա նման չէ բոլորին: Բնական է, որ ամենաշատը տառապում են այն մարդիկ, ովքեր կյանքում շատ բանի կարող էին հասնել: Սրանից խուսափելու համար երեխային պետք է աճեցնել, այլ ոչ թե դաստիարակել, քանի որ դաստիարակությունն ինքնին սահմանափակումներ է ենթադրում: Իսկ ամենածանր սահմանափակումը մտածել արգելելն է, քանի որ, եթե երեխան սկսի անել միայն իրեն հասկանալի, ուսուցիչների համար անհասկանալի բան, նրան անբավարար կնշանակեն: Տեսեք, ես փոքր տղայիս օգնեցի լուծել մաթեմատիկայի խնդիրը, ու նա ասաց, որ ես սխալ եմ, որովհետև իր ուսուցիչն այդպես չի լուծել: Այս մտածելակերպով հաջորդ անգամ նա ոչ թե խնդիր կլուծի, այլ կսկսի կռահել, թե ինչ է պետք իր ուսուցչին: Կամ, երբ մարդ իրեն լավ չի զգում, սկսում է տոներ, խնջույքներ կազմակերպել, ինչը բնությանը դեմ է. ամեն օրդ պետք է տոն լինի:
Այդ ինչպե՞ս:
Շատ պարզ: Հետաքրքիր աշխատանք և սեր, ընդ որում, սերը՝ երկրորդ տեղում: Մեզ մոտ սիրուց ավելի շատ բան են պահանջում, քան նա կարող է տալ: Ահա ես տուն եմ կառուցել: Էլեկտրականություն կա, ջրագծեր, ջեռուցում, կոյուղի: Վերջ, չէ՞. կարելի է ապրել: Բայց պատերի պաստառները չկան: Իսկ մարդիկ մտածում են, որ ամենակարևորը պաստառներն են: Պատկերավոր ասած, գլխում աղբը շատ է, և այդ աղբը կառավարում է մարդու վարքագիծը:
Ի՞նչ նկատի ունեք՝ աղբ ասելով
Այն կարգավորումներն ու հրահանգները, որոնք հակասում են ռեալ իրականությանը, տոների անիմաստ շքեղ տոնելը, ապա երկար ժամանակ կոպեկներով ապրելը, ավանդույթներին կուրորեն հետևելը, դրան ավելացրած նաև այն, որ մտածել պետք չէ. կատարիր, և քեզ ոչ ոք չի կպչի: Բայց այդ դեպքում աճել չես կարողանա, և երբ հասկանաս, որ ավելին կարող էիր անել, արդեն վատ կզգաս քեզ:
Ստացվում է, որ տոներն ու ավանդույթները վնասարարնե՞րն են հորինել:
Ոչ: Դրանք ժամանակին պետք էին, ծառայում էին գործին: Առաջ բոլոր նրանք, ովքեր գալիս էին հարսանիքիդ, հետո քեզ օգնում էին տուն սարքել: Իսկ այժմ այդպես չէ: Տոները դարձել են ուրվականներ, և դրանք խլում են քո թանկարժեք էներգիան, ժամանակը, ուժերը, և հետո իրական, լուրջ գործեր անելու համար ռեսուրսներ չեն մնում: Կամ վերցնենք սոցիալական կյանքի օրենքները: Եթե ես աճ եմ արձանագրում, իսկ իմ կողքի մարդն աճել չի ուզում, ուրեմն պետք է բաժանվել նրանից: Այստեղ, իհարկե, կսկսվի, տես, նույն դասարանում ենք սովորել, իսկ հիմա նույնիսկ շփվել չի ուզում: Իսկ ես սովորեցնում եմ. եթե քո ընկերը ղեկավար է դարձել, դադարիր նրա հետ շփվել: Նրա մոտ արդեն այլ մակարդակի մարդիկ են գնում, նրան հարմար չէ շփվել քեզ հետ: Իսկ եթե դիրքդ դուր չի գալիս, մտածիր՝ ինչպես աճել:
Եվ ինչպե՞ս աճել:
Պետք է դառնալ բարձրակարգ պրոֆեսիոնալ: Այդ ժամանակ ինքնաբերաբար ուրիշներին օգտակար կլինես: Այս մասին դեռ Ադամ Սմիթն էր ասում: Օրինակ, ես գրքեր եմ գրում, պատմում եմ՝ ինչպես լավ ու ավելի հարմարավետ ապրել: Արդյունքները զգալի են: Իմ շատ աշակերտներ են վեր բարձրացել:
Բայց ուրեմն այդ ինչպե՞ս է պատահում, որ մարդու երջանկության գրավականն անձնական աճի գրանցումն է, սակայն մարդիկ աճել չեն ցանկանում:
Մարդիկ նևրոտիզացված են: Այժմ ես, օրինակ, աշխատում եմ, այսպես կոչված, բարդ սիրային դեպքերով խորհրդատվություն չտալ, քանի որ իսկապես ձանձրալի է, երբ իրենից ոչինչ չներկայացնող մարդը հավակնում է նրան, ինչ ըստ էության պետք է ունենա կայացած մարդը: Այդ ժամանակ ես հարցնում եմ`իսկ որքա՞ն ես վաստակում դու: Սովորիր վաստակել 5000 դոլար, ապա նոր զբաղվիր ընտանեկան խնդիրներդ լուծելով: Իսկ բացի բարձրակարգ մասնագետ լինելով` լավ վաստակելուց՝ ես այլ ճանապարհ չգիտեմ:
Բայց չէ՞որ մեր հասարակությունում նաև չաշխատող մարդիկ կան, ովքեր լավ են ապրում, օրինակ, օլիգարխների կանայք:
Հիմարներ են նրանք: Իսկ եթե, Աստված մի արասցե, մի օր ամուսինը չկերակրի, ի՞նչ են անելու: Կամ ֆիզիկապես չլինի: Եթե կրթված լինի կինը և պատրաստ լինի կյանքին, կկարողանա պահել ունեցվածքը, իսկ եթե՝ ոչ, ուրեմն վերջ, կորցրեց ամեն ինչ:
Իսկ ի՞նչ կասեք այն կանանց մասին, ովքեր ասում են, որ իրենց համար առաջին տեղում տունը, ընտանիքը, երեխաներն են, ապա նոր` կարիերան:
Դա հիմարություն է: Մարդիկ համախմբվում, միանում են՝ միմյանց լրացնելով: Ես ընտանիք գիտեմ, ուր կինը գործարանի տնօրեն է, իսկ ամուսինը երեխաներին է խնամում: Եվ նորմալ էլ ստացվում է, որովհետև տղամարդը հասկանում է, որ որ իր մոտ այդ որակներն են ավելի լավ են զարգացած, իսկ կնոջ մոտ` գործարար որակները: Ես կարծում եմ, որ կին-տղամարդ տարբերակումը միայն սեքսի և երեխա ունենալու ժամանակ պիտի լինի, իսկ երբ խոսքը գնում է գործի մասին, ապա ով՝ ինչ լավ է անում, նրանով պիտի զբաղվի: Մեզ մոտ, օրինակ, կանանց լատենտ մարմնավաճառության ոճով են դաստիարակում: Նա փնտրում է տղամարդու, ով իրեն կկերակրի, կպաշտպանի, կխնամի, իր համար կապրի: Իսկ ինքը կարող է ոչինչ չլինել: Ինչպե՞ս կոչել այս երևույթը: Ինձ, օրինակ, սովորական մարմնավաճառությունն ավելի ազնիվ է թվում: Անբարոյականություն է՝ ապրել մի տղամարդու հետ, ում չես սիրում, նա էլ քեզ չի սիրում, ուղղակի այդպես սոցիումն է պահանջում:
Իսկ եթե ընտանիքում մեկն աճում է, իսկ մյուսը չի ուզում, ամուսնալուծությունն անխուսափելի՞ է:
Այո, պետք չէ ձև անել, որ այդտեղ ընտանիք կա:
Ճի՞շտ է, որ մի անգամ Ձեր աշակերտի այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ շուրջբոլորը խելագարներ են, Դուք դրական պատասխան եք տվել:
Դեռ Նիցշեն է ասել, որ եզակիների խելագարությունը բացառություն է, իսկ զանգվածների խելագարությունը` կանոն: Գոյություն ունեն հոգեկան խանգարումներ` հալյուցինացիաներ, հիմար վարք, զառանցանք: Այդպիսի խելագարները շատ չեն, 1000-ին՝ 6 հոգի: Սակայն կան նաև նևրոտիկ խանգարումներ` նախանձ, նեղացկոտություն, ամաչկոտություն, ամոթ, մեղքի զգացում: Սրանցով տառապում է մեծամասնությունը: Եվ ահա իմ աշակերտը գիտակցեց, որ մարդիկ ապրում են ոչ թե՝ կյանքի թելադրմամբ, այլ՝ կանոններով: Իսկ կյանքը բոլորովին այլ բան է. մարդիկ իրար չեն տեսնում, այլ միմյանց կերպարները, և վատնում են իրենց կյանքը՝ դերեր խաղալով: Ասենք աղջիկն ունի ոսկե մեդալ և կարմիր դիպլոմ, պետք է շարունակի առաջ գնալ, բայց ամուսնանում է, որ երեխա ունենա: Երիտասարդ և առողջ մարդը, ով հաջողության չի հասնում, ոչ մի արդարացում չունի:

Աղբյուրը՝ 168.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները հաճախ զարմանում
Ընտանիք
22:52 Փետրվար 10 2024
Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուղեղի արդյունավետությունը անսպասելի գրգռիչների մշակման հարցում ժամանակի ընթացքում մեծանում է: Դրանց նկատմամբ ռեակցիայի … ...
Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխաները չգիտեն ծնողների բաժանության մասին
Ընտանիք
16:07 Հունվար 15 2021
Թեեւ արդեն մի քանի օր է՝ բոլոր տաբլոիդներն ու լրատվամիջոցները խոսում են Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի բաժանման մասին, յոթամյա … ...
Լավագույն առակը ծնողների մասին․․․ փորձեք չհուզվել կարդալիս
Ընտանիք
17:45 Օգոստոս 25 2020
80-ամյա ծերունին նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած իր 45-ամյա որդու հետ: Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ նստեց: Հայրը հարցրեց որդուն. … ...
«Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ում հայտնի դառնալու մասին
Ընտանիք
11:51 Օգոստոս 13 2020
Tert.amLife-ը գրում է. Չնայած մինչև Տիկ-տոկ-ում գրանցվելը Մագա Հարությունյանը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, նա լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկ-ի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test