Դիանա Մալենկոն՝ մերկապարուհի, միանձնուհի և տղա

18:00 Փետրվար 06 2020
*
Արվեստ
Դիանա Մալենկոն՝ մերկապարուհի, միանձնուհի և տղա

Թատրոնի մասին խոսելիս նրա աչքերը փայլում են, ոգևորությունը հասնում է գագաթնակետին, հերոսների մասին պատմում է, ինչպես իրական ընկերների մասին կխոսի. դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն 2019-ին վերադարձավ Դրամատիկական թատրոն՝ միանգամից 3 դերով և մարմնավորեց իրար հետ բացարձակ կապ չունեցող 3 կերպար՝ մերկապարուհու, միանձնուհու և տղայի:

Դիանան սիրում է մարդկանց, որոնք խելագար են իրենց աշխատանքում, ուզում է նրանցից մեկը լինել: Ասում է՝ վարակվել է արվեստի էներգետիկայով:

Tert.am Life-ը հետևել է Դիանայի խաղին թատրոնում ու հետաքրքիր զրույց ունեցել վարագույրից այն կողմ՝ բացահայտելով մերկապարուհի, միանձնուհի և տղա «Դիանա»-ներին: Ըստ նրա՝ իր մեջ հավասարապես ապրում են 3 տեսակն էլ, իսկ թատրոնում այս կերպարները խաղալը մեծ վայելք էր:

Դիանա Մալենկոն՝ մերկապարուհի

-Դիանա, երկարատև դադարից հետո վերադարձար թատրոն՝ «Գանգստեր Մաք» ներկայացման մեջ Տանյայի կերպարով: Ի՞նչը քեզ վերադարձրեց թատրոն:

-Առաջարկը: Թատրոնը միշտ մտքումս էր, բայց միշտ կարծես սպասես, որ ինչ-որ բան ինքաբուխ լինի, այդպես էլ եղավ: Ինձ զանգեցին թատրոնից, ասացին՝ վաղը եկեք թատրոն, դերաբաշխում է: Մտածեցի՝ շփոթել են, պարզվեց՝ ոչ: Ինչպես միշտ, ուշացած գնացի, պարոն Խանդիկյանը ջղայնացավ ինձ վրա, իհարկե, տեղին… ամաչելով նստեցի: Դերաբաշխում արեցին, ինձ տվեցին տեքստը, տեսա էջերը բավականին շատ են: Մտածում էի՝ Աստված եմ, ինչ է կատարվում ինձ հետ: Իրականում ի սրտե ուզում էի թատրոն վերադառնալ: Այս ներկայացումներից հետո մտածում եմ՝ ինչպես եմ այդքան տարի հեռու մնացել թատրոնից:

«Գանգստեր Մաքում» դերասանական երկու խումբ է աշխատում, հավասար էներգետիկայով խաղում ենք՝ բոլորը թատրոնի նվիրյալներ են: Թատրոնի մարդիկ, իսկապես, նվիրյալներ են, հատկապես Հայաստանում: Միշտ շեշտում եմ, որ այս ներկայացման հաջողությունը բոլոր մասնակիցների՝ գործին հավատալու ու տրվելու մեջ է:

-Հերոսուհիդ մերկապարուհի է: Այս կերպարը ոչ միայն դերասանական խաղ, այլև մարմնի ճկունություն է պահանջում: Գիտեմ, որ մի շրջան կապտուկներով էիր շրջում: Ինչպե՞ս տրվեց քեզ մերկապար սովորելը:

 -Չորս դերասանուհիս ու Լևոն Հախվերդյանը մի քանի ամիս շաբաթական 2-3 անգամ պարի փորձեր ենք արել ու մեծ պարտաճանաչությամբ: Ես շատ եմ սիրում երաժշտություն, պարել, բայց ճկուն չեմ: Ով էլ կասի, թե ճկուն է, այս պարագայում կհասկանա, որ ճկուն չէ: Իրականում ինձ անհնար էր թվում ձողի մոտ պտտվելը, նույնիսկ, քայլելը: Ընկնում էի, չէր ստացվում:

«Փոլ դենսը» մեծ հաշվով ձեռքի ուժ է: Հատկապես սկզբում, երբ սովորում ես, մարմնիդ ծանրությունը ձեռքերիդ վրա է: Հետո ես կարողանում հավասարապես տիրապետել ձեռքի ուժին ու մարմնիդ ճկունությանը: Էդ պրոցեսն իրականում շատ ցավոտ է: Այդ ամիսների ընթացքում չորսս էլ միշտ կապտուկներով էինք: Ցավում է ամբողջ մարմինդ, որովհետև աշխատում են բոլոր մկաններդ, նույնիսկ այնպիսիք, որոնց մասին չես էլ իմացել: Շատ հետաքրքիր  աշխատանք է, պրոցեսը դաժան է, բայց հաճույքն էլ շատ է: Դա սպորտաձև է, որի մեջ մտնում է գիմնաստիկա, ատլետիկա, ինչ-որ առումով՝ բալետ: Ներկայացման մեջ  էլ մի լավ ֆրազ կա, ասում է՝ «Մաքն ինձ բացատրեց, որ դա նույն բալետն է, ուղղակի բալետի հորիզոնական ձողն այնտեղ ուղղահայաց է»: Դրանում իրականություն կա:)

Մեր պարուսույցը՝ Աիդան, շատ հետաքրքիր մարզիչ է, ասում էր՝ ոչինչ, նորից արա, այնքան էի փորձում, մինչև ստացվում էր: Իհարկե, աշխատելու տեղ միշտ կա, բայց կարողացանք արդյունքի հասնել:

-Որքան էլ սկանդալային է հնչում, որ բեմում մերկապար եք պարում, շատ նուրբ էր պահված գեղեցկության ու վուլգարության սահմանը: Այնուամենայնիվ, մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, որտեղ այդ թեման կարծրատիպային է: Որքան էլ դու հասարակական կարծիքից կախված չես, նկատել եմ, որ ուշադրություն դարձնում ես, թե որ քայլդ ինչպես կընդունվի:

-Վուլգարության բացակայությունը բացառապես խոսում է ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի ճաշակի և որակի մասին: Դերբաշխումից հետո մերկապարի մասը մեզ ներկայացնելիս Գրիգը շատ նուրբ մոտեցավ հարցին, ուզում էր հասկանալ մեր մոտեցումը. բոլորս հասկանում ենք որ սա Հայաստանն է, այստեղ դեռ կան կարծրատիպեր, սակայն 4 աղջիկս էլ հաջորդ օրը եկանք ու հավասար ասացինք՝  ե՞րբ ենք սկսելու պարի փորձերը: Այդ պահին Գրիգի աչքերում փայլ վառվեց:

Իրականում ես էլ իմ կոմպլեքսներն ունեմ, բայց այս դեպքում դրանք չարտահայտվեցին: Հասկանում էի, որ ես ու մի խումբ մարդիկ հավատում ենք գաղափարի, ուզում ենք անել լավ գործ, որը մարդկանց կբերի թատրոն, որտեղ միտքը չի կորչում համարձակության ֆոնին: Իմ մեջ հարց կառաջանար, եթե ես մաքուր չլինեի: Մենք ուղղակի ուզում ենք ներկայացնել պատմություն երկու ընկերուհու մասին, որոնք իրոք լավ ընկերներ են, կապ չունի՝ որտեղ են, մարդիկ փնտրում են սեր, ինչպես յուրաքանչյուրն այս աշխարհում: Դրա շուրջ ծավալվում է նաև քրեական պատմություն, որն ամեն երկրում կա իր յուրահատկություններով:

-Այնուամենայնիվ, եղե՞լ են ոչ պատշաճ արձագանքներ:

-Ես էլ եմ զարմացած, բայց չէ: Եղել է կարծիք տղամարդկանց կողմից, բայց շատ գեղեցիկ, հիմնականում այն բովանդակությամբ, որ սիրուն էր: Երբ տեսանյութ հրապարակեցի Ինստագրամում, սպասում էի բացասական կարծիքների, բայց դա էլ չեղավ:

Դիանա Մալենկոն՝ տղա

-«Գանգստեր Մաքի» կանացի, սեքսուալ աղջիկը տղա է դառնում «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ: Կոնտրաստը շատ սուր է: Ի՞նչ տվեց քեզ այս կերպարանափոխությունը:

-Դերասանին պետք է դնել դրության մեջ: Գրիգի մեջ դա եմ սիրում:

«Ֆիգարոն» մի ուրիշ պատմություն է. մենք պետք է հանձնեինք «Գանգստեր Մաքը», տարված էինք փորձերով ու խաղացանկում դրված էր «Ֆիգարոյի ամուսնությունը», որը վաղուց չէին խաղացել: 3 նոր դերասան պետք է ներմուծվեր, այդ թվում՝ ես: Մոտ 5 օր ունեինք փորձերի համար: Մինչև առաջին զանգը, երբ ասում է՝ հարգելի հանդիսատես, 5 րոպեից ներկայացումը սկսվում է, ես չէի հավատում, որ մենք կխաղանք այն: Չգիտեմ՝ բա՞րդ, թե՞ ուժ տանող կերպար ասեմ, բայց Քեռուբինոն շատ էներգիա տարավ ինձնից: Միաժամանակ, ես հասկացա, որ այս կերպարը պետք է լիներ իմ կյանքում: Առաջին անգամ ես լիարժեք կտրվել եմ իրականությունից՝ 2 ժամ տրվել եմ բեմին, խաղընկերներիս ու ներկայացմանը: Դերասանի համար դա շատ կարևոր բան է, ֆանտաստիկ  զգացողություն էր: Դերասանի մասնագիտության շունչն այդ օրը զգացել եմ, դա ինձ երջանկացնում է: Երբ դուրս ես գալիս ծափահարությունների, ծափերի ձայնը կամ դիպչում է սրտիդ, կամ ոչ: Այդ պահին դու զգում ես՝ ինչքան ես տվել: Դա միակ օրն էր, երբ ինձ կպել է ծափերի ձայնը: Չգիտեմ՝ ինչ կատարվեց, բայց շա՜տ կայֆ էր:

-Բա՞րդ էր:

– Այսպես խոսում եմ, բայց «Ֆիգարոն» խայտառակ ներկայացում է: Ամբողջ ներկայացումը «խոսք-շարժում, շարժում-խոսք» կառուցվածքով է, ինչի համար ժամանակ ու էներգիա է պետք: Երևի, նախորդ տարվա վերջին էներգիաս ներդրեցի այստեղ: Այս կերպարը խաղալու համար ինձ պետք էր ֆիզիկական պատրաստվածություն: Բախտս բերեց, որ «Գանգստեր Մաքը» նոր էինք հանձնել ու մարզավիճակում էի: Իմ պատրաստվածությունը, իմ, Գրիգի ու ամբողջ թիմի հետաքրքրվածությունը, նպաստեցին, որ խաղանք այն: Այս կյանքում ամեն ինչ վարակի վրա է հիմնված: Պետք է իրար վարակենք արվեստով, լավ գործով: Ինքս զգում եմ, որ երբ ոգևորված եմ, շրջապատս վարակվում է ոգևորությամբ: Ամենակարևորը սերն է ամեն ինչի նկատմամբ, վերջակետ:

-Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ ռեժիսորը քեզ հենց այս կերպարում տեսավ:

– Ինձանից առաջ այս դերը Լիդիա Լևոնյանն է խաղացել: Շատ հետաքրքիր է խաղում: Մենք շատ տարբեր ենք խաղում, բայց ինքն էլ շատ հետաքրքիր է: Երևի, ամեն դերասան կուզի նման կերպար խաղալ: Չենք խոսել այդ մասին, բայց կարծում եմ գիտեմ պատասխանը: Գրիգը սիրում է փորձարկումներ անել: Կարծես քիմիական լաբորատորիայի աշխատող լինի՝ սիրում է իրար հակասող բաներ անել, խառնել, նոր բան ստանալ:

-Ես հավատացի տղա Դիանա Մալենկոյին, ինչպես հասցրեցի նկատել, հանդիսատեսը՝ նույնպես: Ներկայացման ընթացքում մոռացնել էիր տալիս, որ կերպարն իրականում տղա չի խաղում ու ինձ մոտ հարց առաջացավ՝ արդյոք այդ «թաթալաբազությունը» իրականում կա Դիանայի մեջ:)

– Ինձ միշտ հետաքրքրում է այդ հարցը: Մարդկանց մեծ մասն իմ մասին սխալ կարծիք ունի, ես այն չեմ, ինչ ինձ ընկալում են էկրանից: Կարծում եմ՝ իրական կյանքում էլ ինչ-որ առումով «թաթալաբազոտ» եմ: Կարող եմ մի քիչ տղայական քայլվածք, ապրելակերպ ունենալ, բառեր օգտագործել:

 

Դիանա Մալենկոն՝ միանձնուհի

-Այս կերպարդ չեմ տեսել բեմում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է Դիանա Մալենկոն միանձնուհու կերպարում:

-«Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում» ներկայացման մեջ ներմուծվել եմ Լուսինե Հարությունյանի փոխարեն՝ քույր Ֆոսթերի կերպարով: Այս ներկայացումն ինձ հնարավորություն է տալիս խաղալու Արթուր Ութմազյանի ու այլ լավ դերասանների հետ, որոնք ինձ տալիս են շատ մեծ փորձ: Թատրոնում բախտս բերել է: Այն, ինչ ես կամ, մեծ մասամբ, իմ գործընկերների, ընկերների շնորհիվ է:  Մարդն այդպես է ձևավորվում:

Այս կերպարն առանձնանում է հետաքրքիր մի բանով, որին դեռ չեմ հասել: Քանի որ անգլիական պիես է, շատ կարևոր է անգլիական խոսվածքը, կեցվածքը ճիշտ վերարտադրելը: Իհարկե, ներկայացումը հայերեն է, բայց խոսելաձևի վրա պետք է աշխատեմ: Գրիգը փորձել է դա տալ ինձ, բայց, անկեղծ ասած, դեռ չեմ հասել դրան, դեռ պիտի հաղթահարեմ:

Քեռուբինոյի դեպքում անընդհատ էմոցիաներից էի խոսում, Տանյայի  դեպքում և՛ էմոցիաների, և՛ ֆիզիկական պատրաստվածության, այստեղ դեռ շատ չեմ մտել էմոցիոնալ դաշտ: Գուցե ոչ պրոֆեսիոնալ բան եմ ասում, որովհետև հանդիսատեսի առաջ արդեն խաղացել եմ, իսկ երբ հանդիսատեսը գալիս է ներկայացում դիտելու, վերջ, պիտի լավ խաղաս, բայց կերպարն իմ մեջ դեռ եփման փուլում է: Կներեք, եթե վատ է ստացվել, կփորձեմ ուղղվել (ծիծաղում թ, հեղ.):

-Կա՞ն կետեր, որոնք արդեն հաղթահարել ես:

-Կերպարիս արտաքին բնավորություն եմ հաղթահարել՝ քայլվածք, կեցվածք, փակ, կտրուկ, քննադատ, կանոններով առաջնորդվող միանձնուհու բնավորության արտաքին դրսևորումը:

-Մեկ տարվա ընթացքում 3 իրար հետ բացարձակ կապ չունեցող դերեր խաղալը քեզ ավելի ինքնավստահ դարձրե՞ց թատրոնում:

-Միանշանակ ինձ ինքնավստահություն տվեց, բայց մեծ խոսքեր չեմ ուզում ասել, որովհետև 3 դեպքում էլ ես ինձնից լիարժեք գոհ չեմ: Վիդեոները նայում ու ներվայնանում եմ:

Ամեն դեպքում, դա ինձ տվեց հետաքրքրություն, իմ կարողությունները  բացահայտելու հնարավորություն, դերասանական վարպետության նոր չափաբաժին, որն ինձ շատ է պետք: Տղա, գիշերային ակումբի պարուհի, անգլիացի միանձնուհի… էդ ամենը թույն ա ու ինձ վայելք ա պատճառում: Խոսում եմ ու չեմ համբերում, թե երբ է թատերաշրջանը սկսվելու: Թող իմ մասին ասեն՝ կրթություն չունի, հաղորդավարուհի է: Հասկանում եմ ամեն ինչ, բայց Աստված տա՝ այդպես ասողները զգան այն, ինչ ես զգում եմ այս ամենը անելով: Կարծում եմ՝ ոչ ոքի չեմ վնասում:

 Դիանա Մալենկոն…

-Դիանա, կերպարներիդ մասին խոսելիս աչքերդ փայլում են: Իրականում ի՞նչ տեղ ունեն քո մեջ մերկապարուհին, միանձնուհին ու տղան:

-Անկեղծ, 3-ն էլ տեղ ունեն ու դեռ շատ բաներ կան, որ տեղ են ունենալու:

Ես այն մարդն եմ, որը մերկապար է սովորել ու իրեն դա դուր է եկել, ով խաղում է Տանյային, ունի սեքսուալություն, մեկ-մեկ՝ իր կարծիքը կտրուկ ասելու բնավորություն, դիմացինին հասկացող է, միշտ սրտի մեջ պահող… դա մի «ես»-ս է:

Տղայականն էլ չեմ ասում, ինձ իմացողները, գիտեն, որ ունեմ և՛ արտահայտություններ, և՛ շարժուձև, և՛ մտածողություն, որ բնորոշ են տղային:

Միանձնուհին… հավատացեք դա էլ կա: Գուցե շատերն ասեն՝ չէ, բայց դա էլ կա ու  շատ կա:

-Ամենաքիչը դրա մասին խոսեցիր, որովհետև ամենափակ կե՞տն է:

-Բացարձակ, ուղղակի դրա մասին ինչ խոսեմ: Ասեմ՝ լա՞վն եմ: Դրա մասին խոսելն ամոթ է:

-Տարբեր «ես»-երդ հաճա՞խ են բախվում իրար:

-Իմ ներքին կռիվները շատ ծիծաղելի են: Անդադար ինքս ինձ հետ կռիվ եմ անում, որ միշտ գնամ դեպի սերը: Դա դժվար է, մի քիչ տխուր ու մենակ է, որովհետև սերը պակասել է: Մինչդեռ կյանքի գեղեցկությունը դա է, իսկ երբ կորցնում ես կյանքի գեղեցկությունը, էլ ինչի՞ համար ես ապրում: Աստված մեզ տվել է այդ գեղեցկությունը, իսկ մենք քանդում ենք: Կարող է մեկն էլ ասի՝ դու էլ քո ձևով ես քանդում ու համաձայնեմ իր հետ, բայց գիտեմ, որ փորձում եմ չվնասել ուրիշներին:

-Կոնկրետ քո կյանքում սերը շա՞տ է պակասել:

-Հիմա, երբ թատրոն չեմ գնում, հա: Կյանքիս այս փուլում ինձ դա է պետք՝ անել գործ, որն ինձ դուր է գալիս, սովորել, զարգանալ:

-Իսկ մարդկանց ու հիասթափությունների տեսանկյունի՞ց, ասացիր՝ սերը պակասել է, բոլորս մենակն ենք դարձել…

-Դա մենակ ես չեմ ասում, բոլոր ժամանակներում բոլոր մարդիկ դա զգացել ու ասել են: Ինչ ուզում ես արա, միևնույն է, մարդը  մենակ է գալիս այս աշխարհ ու հեռանում է մենակ:

-Բոլորս դա ասում ենք, բայց երջանիկ լինելու համար բոլորս մարդկանց կարիք ունենք:

-Ինչքան մեծանում ես, այդքան մոտենում ես քո հողին՝ դա առաջին հերթին ծնողներդ, ընտանիքդ են: Ես ոչինչ եմ առանց իմ ընտանիքի: Կարող է ինչ-որ շրջան հեռու լինեմ, բայց այն ներդրումը, որ ունեցել են իմ մաման՝ իր հոգատարությամբ, հասկանալով իմ բոլոր նյարդային պոռթկումները, հաջողությունը, քույրս, որ դեմքիցս միանգամից հասկանում է ամեն ինչ, պապաս, որ իր վրա է վերցնում էդ ամենը, անգնահատելի են… (հուզվում է, հեղ.):

Իրականում հուզվում եմ, որովհետև միշտ մտածում եմ՝ արդյոք մենք կարողանում ենք դա վերադարձնել: Մեր մենթալիտետի առանձնահատկությունն է՝ մեր ծնողները շատ են նվիրվում մեզ: Գուցե, ես մամա չեմ, դրա համար եմ այսպես ասում, բայց դա շատ է պարտավորեցնում:

Ընտանիքիցս հետո գալիս են ընկերներս, առանց իրենց էլ ինչի՞ համար ենք ապրում:

-Դիանա, շատ ես սիրում արև, նույնիսկ այս սեզոնին նախընտրում ես նստել բացօթյա սրճարաններում՝ փնտրելով քաղաքի ամենաարևոտ անկյունները: Կյանքումդ արևի պակաս շա՞տ ես ունենում:

-Լինում է նաև այդպես… բայց մեծ հաշվով արևի մարդ եմ. միշտ արև եմ փնտրում, երբ արև կա, ինչ-որ չափով արդեն լավ է: Մնացածը կախված է նրանից, թե որ ակնոցս կդնեմ: Սիրում եմ դեղին ու վարդագույն ակնոց դնել, որովհետև այդ գույների մեջ կյանքը սիրուն է:

-Իսկ սև ակնոց հաճա՞խ ես դնում:

-Դա էլ է լինում: Դա էլ մի ուրիշ փրկություն է՝ թաքնվելու ակնոց է, ինչը ևս պետք է: Դրանում էլ լավ բան կա: Չեմ թաքնվում, որ պաշտպանվեմ, ուղղակի, երբեմն, ուզում եմ անտեսանելի լինել՝ միայն ես, իմ մտքերը ու ինձ չխանգարեն:

Ես սիրում եմ անտեսանելի լինել: Մարդիկ ինձ այլ կերպ են ընկալում, գուցե, ես եմ խաբում, բայց իրական տեսակս քչերն են ընկալում ու դրանում հավես բան կա: Երբ ուզում եմ թաքնվել, հեշտ է լինում:

-Երբեմն, ընկալելի չլինելը հետաքրքիր է, քո մեջ քմծիծաղում ես, երբ իրական տեսակդ չեն ընկալում, երբեմն էլ բոլորս կարիք ենք ունենում ընկալելի լինելու:

-Ընկերուհիներիցս մեկը լավ պատասխան ունի՝ դե հիմա էդ ա:

Իրականում, դրա կարիքը չեմ ունենում: Ավելի շատ կարիք եմ ունենում իմ ուզած ճաշակի իրականության մեջ հայտնվելու: Մեր կյանքն առաջարկ է:Ամեն մարդ առաջարկում է իր զգացածը, կընդունե՞ն, թե՞ ոչ, այլ հարց է: Կարևորն ունենաս տեղ, որտեղ կանես այդ առաջարկդ: Իմ կյանքում այդ տեղերն են քիչ, բայց փորձում եմ գտնել:

Աղբյուրը՝ Tert.am Life

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Արվեստ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Արվեստ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին
Արվեստ
11:23 Սեպտեմբեր 07 2020
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Արվեստ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test