– Լսիր, դու էն Պողոսի հետ վերջին անգամ ե՞րբ ես շփվել:

– Դե, մի 5 օր առաջ:

– Պահոոոոոոոոո…

– Ի՞նչ կա…

– Բա չե՞ս լսել, իրա հորեղբոր տղի բաջանաղի աղջիկը հարեւանուհու հետ գնացած ա եղել էս հարեւանուհու հարսի հորանց տուն, ընդեղ մի էջմիածնեցի ա եղել… Ընենց որ շտապ ինքնամեկուսացիր, մեր տուն էլ չգաս մի տասնչորս օր…

Իսկ ես արդեն զզվել եմ տանը մնալուց: Տենց էլ պիտի լիներ. ինձ նման սնդիկը կարա՞ սաղ օրը նստի տանը: Լավ է, Ավանում լիքը տեղ կա, որ իսկի շեն օրերին մարդաշատ չի լինում, ու կարելի է դուրս գալ զբոսնելու՝ չվախենալով, որ կողքովդ մարդ կանցնի:

Դասերի ընդմիջումներին էլ…  Ինչ դա՞ս: Ոնց թե՝ ի՞նչ դաս: Էդ էլ հո Ռուդոն չի՞, որ չեք իմանում: Արա, դուք կարող ա՞ էս աշխարհից չեք: Հեռավար դաս, էլի, էն որ ինտերնետով ես անում, ու մի խումբ ծնողներ ասում են «հեռահար»: Ֆեյսը լիներ, ստեղ մի հատ ծիծաղի նշան դնեի: Ես մինչեւ էս վարակն էլ հարյուր անգամ հեռավար դաս արել եմ: Հարյուրը շատ ասացի: Մի հիսուն: Լավ-լավ՝ մոտ տասը: Կարող է իմ արածը էն չի, ինչ դուք եք պատկերացնում, բայց էլի հեռավար է: Ու ոչ մի բացակա չի լինում: Մանավանդ էդ էրեխեքը հեռախոսով են գալիս դասի, ու չգիտես՝ տանն ե՞ն էդ պահին, թե՞ կարող է ընկերների հետ դուրս են եկել զբոսանքի:

Ո՞նց զբոսանքի: Կարանտինի էս օրերին ի՞նչ զբոսանք: Էլի ուզում ես Արփին անհանգստանա՞: Ի՞նչ կարեւոր է, որ էդ էրեխեքին չի ճանաչում: Կարեւորը անհանգստանալու պատճառն է:

Հա, մոռացա, Արփիին էի ուզում մի բան պատմեմ: Դե, առիթը էն էր, որ չնայած կառավարության բազմաթիվ հորդորներին, որ սահմանափակեն տնից դուրս գալը, լիքը մարդ էր տեսել փողոցում:

Ուրեմն, Արփիիս ասեմ, դու ջահել ես, չես հիշի. 1988 թվականի հունիսի կողմերն էր, Ղարաբաղյան շարժումը՝ թեժ էր, Ազատության հրապարակում ամենօրյա միտինգներ էին լինում: Էդ միտինգներից մեկի ժամանակ Աշոտ Մանուչարյանը՝ փրփուրն ի բերան հայտարարեց. «Վաղը Երեւանը պիտի դառնա մեռած քաղաք: Ոչ մեկը տնից պիտի դուրս չգա: Սա բողոքի մի ձեւ է: Հասկացա՞ք, ոչ մեկը տնից դուրս չի գալիս: Երեւանը մեռած քաղաք պիտի լինի»: Հաջորդ օրը սաղ քաղաքը (նաեւ ես, որ էդ օրերին Երեւանում հեռակայի դասերի էի), թափվել էր կենտրոն՝ տեսնելու իսկապե՞ս մարդ դուրս չի եկել…

«ՎարաՔուր», ինչպես կասեր իմ ընկեր Լեւոնը:

Ուրեմն իսկի Աշոտ Մանուչարյանը չկարողացավ երեւանցիներին պահի տանը, հիմա դու ուզում ես, որ Արսեն Թորոսյանը կարողանա՞: Կամ էլ՝ հիմա նույնն է. բոլորը դուրս են գալիս՝ տեսնելու հո մարդ դուրս չի՞ եկել:

Մի խոսքով, ես էլ եմ արդեն զզվել անշարժությունից, ու վաղվանից դուրս եմ գալու: Հերիք եղավ, բոլ եղավ: Տանձիս, ձեր էդ կորոնավիրուս է, թագաժահր է, ինչ է…

Այ տղա էս ի՞նչ ես ասում: Ո՞նց թե տանձիս էդ վիրուսը: Բա որ վարակվի…

Չի վարակվի, որովհետեւ էդ վիրուսը ձեռքից-ձեռք, դեմքից-դեմք, օդից՝ թոք կարա անցնի, բայց ասում են սեռական օրգաններով չի անցնում: Այսինքն, եթե հաջողացնես հեռահար (էս դեպքում հենց հեռահար, ոչ թե հեռավար) սեքս անես, հաստատ չես վարակվի: Կամ էլ ոչ հեռահար, սովորական՝ մոտահար, բայց առանց դեմք-դեմքի կպնելու: Ստացվում է՝ ձեռքով բարեւել չի կարելի, գրկվել չի կարելի, համբուրվել չի կարելի, թուշ-թշի չի կարելի, իսկ սեքս կարելի է…

Դե արի էս բժիշկներից գլուխ հանիր…

Ճիշտ էն անեկդոտի ռաբիի նման: Չեք իմանո՞ւմ: Էն որ ջահել նշանված տղան գնում է ռաբիի մոտ, թե.

– Ռաբի, ես մինչեւ ամուսնանալը կարող ե՞մ նշանածիս հետ պարել:

– Չէ, զավակս, դա արգելված է:

– Իսկ սեքս՝ կարո՞ղ եմ:

– Սեքս կարող ես, բայց նայած ինչ դիրքով:

– Դե կլասիկ դիրքով:

– Կարող ես:

– Կողք-կողքի պառկած:

– Կարող ես:

– Իսկ կանգնա՞ծ:

– Չէ, կանգնած չես կարող:

– Ինչո՞ւ:

– Որովհետեւ դա արդեն պարի է նման, իսկ նշանվածներին միասին պարելն արգելված է:

Այ սենց, տափակ-մափակ անեկդոտներով էլ փորձում ենք օրներս լցնել էս թագաժահրային կարանտինում:

Հիմա նայում եմ պատուհանից դուրս: Մեր շենքի Կարինեն ինչ-որ տեղ է գնում: Էս տնաշենն էլ ժամանակ գտավ վերելակի փողը հավաքելու: Էդ երեկ էր: Դուռը բացեցի… Ես չէի էլ պատկերացնում, թե ձեռքս կարա էդքան երկար լինի. իրենից  մեկուկես մետր հեռավորությունից ձեռքս երկարացրի եւ վերեւից մետաղադրամները գցեցի ափի մեջ: Կոնտակտ չեղավ, բայց վազեցի՝ ձեռքերս առնվազն 20 վայրկյան օճառով լվացի, ինչպես խորհուրդ են տալիս բժիշկները, առողջապահության նախարարությունն ու Հենրիխ Մխիթարյանը: Ճիշտն ասած, որ Հենոն էդ խորհուրդը տված ու նաեւ տեսանյութով ցուցադրած չլիներ, ես բժիշկներին լսողը չէի: Իսկ վերելակի մասին անկեղծորեն պիտի ասեմ, որ էս քանի օրը ախտահանում են: Մտնում ես ու ժավելի հոտ է գալիս:

Այ սենց. էս կորոնավիրուսային կարանտինը ոնց որ Չեխովի պիես լինի, ոչ մի բան չի կատարվում, բայց ամեն դեպքում հետաքրքիր է:

Հիմա էս պատմվածք է՞ր:

Արփին կարող է՞ չուզենա հրապարակել:

Արի մի հատ կայֆ վերջ մտածեմ, կարող է հրապարակի: Կայֆ վերջը ո՞րն է. էն դպրոցում որ էքսկուրսիա էին տանում, հետո դրա մասին շարադրություն էինք գրում  ու վերջում անպայման ավարտում «Երեկոյան ուրախ-զվարթ վերադարձանք տուն» նախադասությամբ:

Բայց էստեղ աչքիս ուրախ-զվարթ չի ստացվի. «վերջըվերջով», ինչպես ասում են իմ հայրենի Մեղրիում, վարակ է, որը կարող է քո տանձին չի, բայց լիքը մարդ «քաշքով է ընկնում»: Էս էլ էր մեղրիերեն:

Աղբյուրը՝ groghutsav.am