Նամակ Փաշինյանին. խաղողագործներն ու գինեգործները հորդորում են չփակել հիմնադրամը

21:00 Դեկտեմբեր 26 2018
*
Բիզնես
Նամակ Փաշինյանին. խաղողագործներն ու գինեգործները հորդորում են չփակել հիմնադրամը

Խաղողագործության և գինեգործության ոլորտի ներկայացուցիչները պատրաստ են խնդիրն ավելի հանգամանալից քննարկելու համար հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ:

ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամը բաց նամակ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ձեռնպահ մնալ հիմնադրամը փակելու մտադրությունից:

Հիմնադրամից վարչապետի պաշտոնակատարին հիշեցնում են, որ Հայաստանը մշտապես համարվել է գինու նվիրական երկիր, իսկ հայկական գինիները բարձր են գնահատվել պատմության տարբեր ժամանակներում՝ ամբողջ աշխարհում և հանդիսացել են մեր երկրի հիմնական այցեքարտերից մեկը:

Մեր օրերում գինեգործությունը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ, բարձր են ոլորտի հանդեպ միջազգային հետաքրքրությունն ու ներդրումային հոսքերը:

«Տարբեր միջազգային փորձագետների կարծիքով՝ Հայաստանը գինեգործության զարգացման կարևոր տարածաշրջաններից մեկն է՝ իր բնակլիմայական պայմաններով, խաղողի տեղածին ու տեղական սորտերով, ավանդույթներով, գինեգործական հարուստ մշակույթով ու պատմությամբ»,-ասված է բաց նամակում և շեշտված, որ գինու տուրիզմը դեպի Հայաստան է գրավում ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների:

Գինեգործության զարգացումը, ըստ նամակի հեղինակների, բացի տնտեսական էֆեկտից, մեր երկրին վստահաբար կբերի նաև մեծ վարկանիշ ու հեղինակություն, ինչի ապացույցը օր-օրի որակապես բարելավվող գինիները, միջազգային ամենատարբեր մրցույթներում ու մրցանակաբաշխություններում հայկական գինիների գրանցած հաջողություններն ու ստացած պարգևները, պահանջարկի ավելացումն ու արտահանման ծավալների մեծացումն են:

«Եվ այս փուլում արձանագրված արդյունքները մեծապես պայմանավորված էին նաև պետության կողմից մեր ոլորտին ցուցաբերված աջակցությամբ ու ծրագրերով, որոնք հիմնականում իրականացվում են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից:

Նման կառույցի գոյությունն ինքնին շատ կարևոր ու ոգևորիչ է մեզ՝ գինեգործության ոլորտի ներկայացուցիչներիս համար, քանի որ մեր ոլորտը մշտապես զգացել է պետություն-մասնավոր հատված երկխոսության անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը ներկայումս իրականացվում է Հիմնադրամի միջոցով:

Մեր բոլորիս նպատակն է խթանել Հայաստանում խաղողագործության զարգացումը` որպես գինու արտադրության որակի գրավական՝ բարձրացնելով Հայաստանի վարկանիշը և մրցունակությունը միջազգային ասպարեզում որպես գինեգործական երկիր:

Մենք էլ, որպես գինեգործության, գինու խաղողի արտադրության, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, վերջին 2 տարիներին մեր խնդիրները պատկան մարմիններին հասցնում ենք դարձյալ հիմնադրամի միջոցով: Հիմնադրամը, հատկապես վերջին տարում, մշտապես կապ է պաշտպանում մեզ հետ, քաջատեղյակ է մեր բոլոր խնդիրներին ու հարցերին և ամենօրյա աշխատանքի միջոցով օգնում է մեզ՝ այդ խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև մեզ համար դարձել է քննարկումների, համատեղ ծրագրեր իրականացնելու, ոլորտում առկա խնդիրների համար համատեղ ու համալիր լուծումներ գտնելու հարթակ:

Գինեգործության ոլորտում նախկինում եղել են համախմբման, հարցերն ու խնդիրները միասնաբար լուծելու, աշխատող ու կենսունակ կառույցներ, միություններ ու միավորումներ ստեղծելու անհաջող փորձեր: Անհաջող, քանի որ կար շահերի բախում ու ոլորտի ներկայացուցիչների միջև առկա էին տարաձայնություններ: Բայց ներկայումս այդ համախմբումն արդեն իրողություն է՝ Հիմնադրամի շնորհիվ:

Այն բոլոր գործառույթները, որ ներկայումս իրականացնում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, կարևոր են, անհրաժեշտ, և չկա պետական կամ մասնավոր մեկ այլ կառույց, որն իրականացնում կամ կարող է իրականացնել այդ նույն գործառույթները»,- գրել են գինեգործության ոլորտի ներկայացուցիչները:

Ըստ նամակագիրների՝ Հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ գինի արտադրողների, գինու ոլորտում գիտական և կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնում է հաշվետվություններ իրականացված, իրականացվող ծրագրերի վերաբերյալ, մեր առկա խնդիրների ու բարձրաձայնած հարցերի հիման վրա մշակում ու իրականացնում անհրաժեշտ ծրագրերը:

«Ցանկանում ենք առանձնացնել նաև Հիմնադրամի գործառույթները, որոնք միտված են միջազգային կառույցների հետ համագործակցությանն ու ֆինանսական միջոցների ներգրավմանը: Իսկ միջազգային լավագույն փորձի ներգրավումը գինեգործության ոլորտի ներկայացուցիչներիս համար շատ կարևոր է, քանի որ մենք մասնակցում ենք տարբեր միջոցառումների, համտեսների, շնորհանդեսների, շփվում ենք այլ երկրների մեր գործընկերների հետ ու համոզվում, որ բոլոր այն երկրներում, որոնք գինեգործության ոլորտում աշխարհում ճանաչում ու լուրջ արդյունքներ ունեն, կան առանձնացված կառույցներ, որոնց միակ գործառույթը խաղողագործության և գինեգործության զարգացման ապահովումն է։

Հիմնադրամը մշակել ու իրականացնում է ոլորտի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկարաժամկետ ծրագրեր: Մասնավորապես՝ «ՀՀ-ի խաղողի տնկարկների կադաստր» համակարգի ներդրումը, աշխարհագրական նշմամբ գինիների արտադրության համակարգերի ներդրումը, ֆիլոքսերա վնասատուի դեմ պայքարի համակարգը, խաղողի տեղածին ու տեղական՝ կորած համարվող սորտերի հայտնաբերման և նրանց տեխնիկական ներուժի բացահայտման ծրագիրը, խաղողագործության համար ներուժ ունեցող չօգտագործվող հողատարածքների ուսումնասիրության ծրագիրը և այլն: Տարբեր կրթական հաստատությունների հետ համատեղ Հիմնադրամն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ պատրաստելու համար գինեգործության ոլորտի բարձրակարգ և միջին օղակի որակյալ մասնագետներ: Ընդհանրացնելով՝ Հիմնադրամն իրար է կապում ամբողջ արժեշղթայի բոլոր օղակները»,- շեշտված է նամակում:

Ելնելով նշվածից նամակը ստորագրած անհատները խիստ կարևորում են ՀԽԳՀ-ի գործառույթները, բարձր են գնահատում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և ընդգծում բացառապես գինեգործության և խաղողագործության ոլորտի զարգացմամբ զբաղվող նման առանձին կառույցի գոյության անհրաժեշտությունը:

Նրանք հնարավորության սահմաններում պատրաստ են օժանդակել այդ կառույցին:

«Մեր կողմից հավաստիացնում ենք, որ զարգացման մի քանի տարիներից հետո հնարավոր կլինի անցնել ինքնակառավարման, սակայն ներկայումս, երբ ոլորտը գտնվում է զարգացման անցումային փուլում, խնդրում ենք ձեռնպահ մնալ պետություն-մասնավոր կապի այս հաջողված և արդյունքներով ապացուցված ձևաչափի փոփոխությունից՝ պահպանելով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը»,- եզրափակել են գինեգործության ոլորտի ներկայացուցիչները:

Նրանք պատրաստ են խնդիրն ավելի հանգամանալից քննարկելու համար հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Բիզնես
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Բիզնես
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Բիզնես
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test