«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել

19:46 Փետրվար 15 2024
*
Կրթություն
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել

Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին նշված է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի նախագծումն իրականացնող գերմանական GMP International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության մշակած սահիկաշարի համառոտ տարբերակում, որը վերջերս քննարկման է դրվել ակադեմիական հանրության շրջանում:

ՈՒսումնասիրելով «Ակադեմիական քաղաքի» հատակագծի նախնական տարբերակն, ինչպես նաև վերլուծելով գերմանական ընկերության առաջարկները, առանձնացրել է մի քանի խնդրահարույց և կարևոր կետեր, որոնց մասին հանրությունը պետք է պատշաճ իրազեկվի:

Աջափնյակի խոշոր գերեզմանատների տարածքների պլանային գոտիավորումը հնարավոր է փոխվի

GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն, գերմանացի ճարտարապետ Թոբիաս Քայելի ներկայացրած՝ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման սահիկաշարի համառոտ տարբերակում նշված է, որ տեղանքը հիմնականում շրջապատված է բնակելի շենքերով, վարելահողերով, արտադրական տարածքներով և գերեզմանատներով:

«Պաշտոնական պլանային և հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով»,-նշված է սահիկաշարի համառոտագրում: Նշենք, որ քաղաքաշինական տերմինաբանությամբ՝ գոտիավորումը (գոտևորում) տարածքների գոտիների սահմանների որոշումն է՝ դրանց օգտագործման կանոնակարգերով և ըստ դրանց գործառնական նշանակության, կառուցապատման չափորոշիչների և լանդշաֆտի կազմակերպման:

Ակադեմիական քաղաքի հատակագիծն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ բուհական քաղաքի հարավարևելյան հատվածին հարող տարածքում խոշոր գերեզմանատներ են: Խոսքը Աջափնյակ վաչական շրջանում գտնվող Սիլիկյան և Սպանդարյան գերեզմանատների մասին է: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից հայտնեցին, որ նշված գերեզմանատները բաց են, այսինքն այնտեղ թույլատրվում է հուղարկավորություններ իրականացնել: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանի համաձայն՝ գլխավոր հատակագծերի նախագծերում բնակավայրերին հարող տարածքներում պետք է նախատեսել քաղաքի ազդեցության (մերձքաղաքային) գոտի՝ որպես պահուստ քաղաքի տնտեսական սպասարկման օբյեկտների տեղակայման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման համար, որտեղ կազմակերպվում են համայնքի հիմնական փոխադարձ գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը շրջապատի հետ:
Իսկ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ՝ գերեզմանատներն ու դիակիզարանները տեղադրվում են բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա: Թե որքան է գերեզմանատների տարածքից ակադեմիական քաղաք ընկած հեռավորությունը, սահիկաշարում նշված չէ: Սակայն գերմանացի ճարտարապետի առաջարկից ենթադրվում է, որ Ակադեմիական քաղաքի ազդեցության (մերձքաղաքային) գոտու և գործող գերեզմանատների միջակայքը փոքր է, ինչն էլ հիմք կարող է դառնալ, որպեսզի հետագայում մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը կամ Աջափնյակ վարչական շրջանի գոտիավորման նախագիծը փոխելու որոշում ընդունվի: Թե ինչ խնդիրների կհանգեցնի նման որոշումը, արդյոք այն կազդի գործող՝ բաց գերեզմանատների կարգավիճակի փոփոխության վրա, առայժմ վաղ է գնահատականներ տալը:

Նախատեսվում է տեղափոխել երկաթուղու կայարանը

«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման սահիկաշարի համառոտ տարբերակում նշվում է, որ երկաթուղին տեղանքը բաժանում է երկու մասի, հետևաբար հնարավոր է, որ գոյություն ունեցող երկաթուղային կայարանը տեղափոխվի տեղանքի կենտրոնական հատված։ NEWS.am-ը պարզեց, որ խոսքը Երևանը Կոտայքի, Գերաքունիքի և Տավուշի մարզերին կապող երկաթուղու մասին է, որն այժմ կիրառվում է բեռնափոխադրումների նպատակով, իսկ ամռանն այս ուղղությամբ գործում է Երևան–Սևան–Շորժա սեզոնային էլեկտրագնացքը։ Նշված տարածքում ժամանակին գործել է Սպանդարյան կայարանը, որն այս պահին չի շահագործվում:

Հայաստանյան երկաթուղիների կառավարիչը հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից տեղեկացանք, արդյոք Ակադեմիական քաղաքի հատակագիծը կազմելիս քննարկումներ իրականացվե՞լ են ընկերության հետ, ինչին ի պատասխան ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտնեց, որ այդ հարցով դեռևս պաշտոնական դիմում չեն ստացել:

«Քանի որ երկաթուղին Հայաստանի հանրապետության սեփականությունն է հանդիսանում, երկաթուղու զարգացման հետ կապված որոշումների կայացումը կառավարության գործառույթների շրջանակում է: Նշված հարցի հետ կապված պաշտոնանական դիմումի դեպքում, կքննարկվի գործընթացի հնարավորությունը և կիրականացվեն համապատասխան հաշվարկներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Կդիտարկեն Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի տեղափոխման հնարավորությունը

Գերմանացի ճարտարապետներն ակադեմիական քաղաքի հատակագիծը կազմելիս, ի թիվս այլ խնդիրների, արձանագրել են, որ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերն անհարմար կերպով բաժանում են տեղանքը։ «Պետք է դիտարկել դրանցից մի քանիսի տեղափոխման հնարավորությունը»,-նշված է Ակադեմիական քաղաքի հատակագծի մշակման սահիկաշարի համառոտ տարբերակում:

Գործող իրավակարգավորումներով՝ Էլեկտրահաղորդման 110կՎ և ավելի բարձր լարման օդային գծերի (ՕԳ) տեղաբաշխումը թույլատրվում է միայն բնակելի և հասարակական-գործարարական գոտիների սահմաններից դուրս: Իսկ 220 կՎ և ավելի բարձր լարման էլեկտրահաղորդման տարանցիկ գծերի տեղադրումը բնակավայրերի սահմաններում չի թույլատրվում, բացառությամբ պահուստային տարածքների: Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի միջանցքների լայնությունը և դրանք շահագործելու թույլատրելի ռեժիմը, այդ թվում նաև գյուղատնտեսական արտադրանքի ստացման համար, որոշվում են էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով։ 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրամատակարարման ցանցերի համար՝ ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 363-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» համաձայն՝ էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով, գծի երկու կողմերից (եզրային հաղորդալարերից՝ դրանց չշեղված դիրքի դեպքում) սահմանվում են անվտանգության գոտիներ:

Պետք է վերանայել ոչ էլեկտրական տրանսպորտային համակարգերը

Ակադեմիական քաղաքի հատակագիծը կազմելիս ճարտարապետական ընկերությունն ուշադրություն է դարձրել հատկապես մայրաքաղաքի հետ տրանսպորտային հանգույցների ապահովման խնդրին:

Ըստ սահիկաշարի համառոտ տարբերակի՝ պետք է նախագծվի (U1) մայրուղուց դեպի տեղանք պոտենցիալ կապը: Մասնավորապես պետք է դիտարկել «Հայֆիլմ»-ի տարածքը Ակադեմիական քաղաքի հետ ավտոմոբիլային և հետիոտնի համար նախատեսված ճանապարհով կապելու հնարավորությունը։

«Հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք կան հաճախակի քամիներ: Լաբորատորիաների և գյուղատնտեսական օբյեկտների գտնվելու վայրը որոշելիս պետք է հաշվի առնել այդ քամիների գործոնը՝ անցանկալի հոտից խուսափելու նպատակով։ Տեղանքն ունի 170 մ բարձրության տարբերություն, պետք է վերանայել ոչ էլեկտրական տրանսպորտային համակարգերը»,-ասված է գերմանական ընկերության ներկայացրած նախագծի նախնական տարբերակում:

Հիշեցնենք, որ Ակադեմիական քաղաքի կառուցման համար կառավարությունը 2024թ. հունվարի 5-ին ընդունեց Երևանի 17-րդ թաղամասի, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Որպես հիմնական տեղամաս ընտրված 17-րդ թաղամասի տարածքի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։ Հայաստանում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելու համար պետական բյուջեից շուրջ 600 մլն դրամ է հատկացվել գերմանական GMP International GmbH Architects and Engineers ընկերությանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին: Պայմանագրի արժեքը կազմում է մինչև 854.100 եվրո՝ գերմանական ընկերություն վճարման համար:

Մասնավորաես՝ GMP International GmbH Architects and Engineers ընկերությունը ՀՀ ԿԳՍՄՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հետ կնքած ճարտարապետական նախագծման ծառայությունների պայմանագրով պարտավորվում է մատուցել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծի նկարագրություն և տեսլականի մշակման, ինչպես նաև կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքներ։

Ակադեմիական քաղաքի ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ձևով:

Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը, որը մեկնարկել է 2023 թ. սեպտեմբերից նախատեսվում է ավարտել 2025 թ սեպտեմբերին: Իսկ կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 թ. հոկտեմբերից և կառավարության նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թ. դեկտեմբերին:


Նյութի աղբյուր՝ News.am

Հարակից նյութեր

Ինտենսիվ անձրևներ․ եղանակը՝ առաջիկա օրերին
Կրթություն
14:33 Մայիս 04 2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և … ...
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Կրթություն
18:43 Մայիս 01 2024
Մայիսի 1-ին` ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել: … ...
Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Կրթություն
18:34 Մայիս 01 2024
Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է … ...
ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կրթություն
18:31 Մայիս 01 2024
ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը (շարժական դաշտային հոսպիտալը) 2024 թվականի ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Հանրապետության Վարպալուտա տարածաշրջանում գտնվող … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test